Այսօր` մարտի 17-ին, կառավարության նիստում որոշում ընդունվեց զինծառայության ընթացքում վնասվածք ստանալու պատճառով զորացրված անձանց բուժման սկզբից 3 ամսվա ընթացքում տրամադրել անվճար բժշկական օգնություն։

Ըստ նախագծի` զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, բուժման սկզբից 3 ամսվա ընթացքում, մինչև բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրումը կդառնան պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շահառուներ:

Կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշմամբ հաստատված «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգի համաձայն՝ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում  բժշկասոցիալական փորձաքննության հնարավոր է ուղեգրել ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո, բացառությամբ Առողջապահության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հաստատած` վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների։

Արդյունքում լինում են դեպքեր, երբ զինծառայողը ծառայության ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման կամ հիվանդության պատճառով զինվորական ծառայության համար ճանաչվում է ոչ պիտանի և արձակվում է զինվորական ծառայությունից, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննության դիմելը ունենում է մասնագիտացված, այդ թվում նաև վերականգնողական անհետաձգելի բժշկական օգնության կարիք։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ նախագծով առաջարկվում է կանոնակարգել զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձանց բժշկական օգնության կազմակերպումը, որոնց թիվը յուրաքանչյուր տարի չի գերազանցում 50 անձը։

 

844