«Երիտասարդ դասախոս» շարքի այս հարցազրույցը ՀՊՏՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ Հայկ Քամալյանի հետ է։

Հայկ Քամալյանը 2005-2011 թթ. սովորել է ԵՊՀ-ում, ավարտել մագիստրատուրան «Մաթեմատիկա» մասնագիտությամբ։ 2014 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։  9 տարվա գիտամանկավարժական գործունեության փորձ ունի։ Գիտական հետաքրքրությունների լայն շրջանակից կարելի է առանձնացնել  ֆունկցիաների տեսությունը։

Երիտասարդ դասախոս-գիտնականի հետ զրուցել ենք կրթության, գիտության, դասախոսներին և ուսանողությանը հուզող ներկա հիմնախնդիրների շուրջ։

– Ինչպե՞ս ընտրեցիք մաթեմատիկոսի մասնագիտությունը։ Սերը ֆիզիկամաթեմատիկական առարկաների հանդեպ նախադեպայի՞ն է Ձեր ընտանիքում։

– Վաղ դպրոցական տարիքից սիրել եմ «Մաթեմատիկա» առարկան, հետագայում գիտնական մաթեմատիկոս հորեղբորս օրինակն է ինձ համար  եղել ուղենշային։ Այլ մասնագիտության ուղղությամբ երբեք չեմ մտածել և, եթե նորից որոշման անհրաժեշտություն ծագեր, կընտրեի նույն մասնագիտությունը։

– Ըստ Ձեզ՝ ապագա տնտեսագետի և տնտեսագետ հետազոտողի համար որքանո՞վ են կարևորվում մաթեմատիկական գիտակարգերը՝ բարձրագույն մաթեմատիկա, հավանականությունների տեսություն, մաթմեթոդներ, էկոնոմետրիկա և այլն:

– Իմ խորին համոզմամբ՝ լավ տնտեսագետ լինելու համար պետք է ունենալ բավականաչափ զարգացած մաթեմատիկական ապարատ, քանի որ տնտեսագիտությունը, ըստ իս, ֆունդամենտալ գիտություն է։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ականավոր տնտեսագետները լավ մաթեմատիկոսներ են։ Ընդհանրապես, կարծում եմ, որ տրամաբանական մտածողություն զարգացնելու համար մաթեմատիկան օգտակար է բոլոր մասնագիտությունների համար։

 Աշխարհի գիտատեխնիկական նվաճումներից հետ չմնալու առումով զարգացման և առաջընթացի ի՞նչ նախադրյալներ եք տեսնում Հայաստանում։

– Վերջերս որոշակի դրական տեղաշարժ արձանագրվեց պետության կողմից գիտության ոլորտի ֆինանսավորման հարցում,  բայց անելիքներ դեռ շատ կան։

Իրողությունն այն է, որ ուսումնատենչ շատ երիտասարդներ սովորելու են մեկնում արտերկիր, և մի մասը չի վերադառնում: Ուստի կարևոր է տարբեր սոցիալական ծրագրերի միջոցով նրանց ոգևորել ու նախադրյալներ ստեղծել՝ դրսում ուսանելուց հետո վերադառնալու Հայաստան։ Հատկապես որ, համացանցն այսօր լայն հնարավորություններ է ստեղծում՝ ապրել մի երկրում և աշխատել մեկ այլ երկրում գտնվող կազմակերպությունում։

– Գիտամանկավարժական գործունեությունն այն է, ինչ  երազե՞լ եք։

– Այո։ Ես սիրում եմ իմ աշխատանքը։ Բացի համալսարանական գործունեությունից, նաև մաթեմատիկայի մասնավոր պարապմունքներ եմ անցկացնում տարբեր տարիքային խմբերի համար։ Միշտ փորձում եմ անկեղծ ու անմիջական լինել, ինչի արդյունքում մեծանում է փոխադարձ վստահությունը, և հավատացեք՝ արդյունքն ավելի գոհացուցիչ է լինում։

– Ձեզ ավելի շատ դասախո՞ս եք համարում, թե՞ գիտնական։  Հնարավո՞ր է՝ ինչ-որ փուլում փոխեք գործունեության բնագավառը:

– Ես ինձ ավելի շատ դասախոս եմ համարում, կրթական ոլորտում եմ պատկերացնում, բայց կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է, չպետք է ոչինչ բացառել։

– Ըստ Ձեզ՝ ի՞նչ հատկանիշներով պիտի օժտված լինի մեր օրերի դասախոսը։

– Ժամանակակից գիտնական-մանկավարժը պետք է լինի սկզբունքային, սիրի ուսանողներին և նվիրումով կատարի իր աշխատանքը։

– Ո՞րն է Ձեր խորհուրդը երիտասարդ գիտնականներին։

– Երիտասարդ գիտնականներին խորհուրդ կտայի իրենց ընտրած ճանապարհն անցնել հաստատակամորեն, քանի որ գիտությունը բավականին ժամանակատար, էներգիա պահանջող ոլորտ է, և առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ են կամային բարձր հատկանիշներ։

– Ինչպիսի՞ն է այսօրվա ուսանողը, ի՞նչ հոգսերով է ապրում նա և որքանո՞վ են դրանք Ձեզ հուզում:

– Այսօրվա ուսանողությունը բավականին բազմաշերտ է, և կարող եմ փաստել՝ կան շատ մոտիվացված ուսանողներ, որոնք գիտեն՝ ինչի են ձգտում։ Եվ վստահաբար, նրանք մեր ապագան են։

Հայաստանի համար բախտորոշ ժամանակաշրջանը ցույց տվեց, որ ունենք հզոր երիտասարդություն, և այդ երիտասարդության էներգիան ճիշտ ուղղորդելու պարագայում կունենանք հզոր պետություն։

– Կանանց նվիրված գարնանային տոների առթիվ՝ Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողներին:

– Լինել միշտ գեղեցիկ, կանացի և սիրված։

Աղբյուր` blog.asue.am

947