
Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը աղոթում է Կովկասում խաղաղության համար և հանդես գալիս արցախյան հակամարտության գոտում իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու կոչով։ Այս մասին ասվում է Վրաստանի ուղղափառ եկեղեցու Պատրիարքարանի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես փոխանցում է armeniasputnik.am-ը, Վրաստանի Կաթողիկոս–Պատրիարք Իլյա Երկրորդը մտահոգված է հայերի և ադրբեջանցիների առճակատմամբ։
«Տագնապով տեղեկացանք սկսված դիմակայության մասին։ Մեզ համար դա հատկապես ցավալի է, քանի որ մենք հարևան ու ընկեր ենք, և Վրաստանում բազմաթիվ ադրբեջանցիներ և հայեր են ապրում»,- նշել է Իլյա Երկրորդը։
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, ինչպես նաև միջազգային հանրությունը թույլ չեն տա հակամարտության գոտում լարվածության հետագա աճ, հակառակ դեպքում դա լուրջ մարտահրավեր կլինի տարածաշրջանի և աշխարհի համար։
«Աղոթում ենք, որպեսզի Աստված խաղաղություն ուղարկի Հայաստանին, Ադրբեջանին և ամբողջ Կովկասին»,– ասվում է հաղորդագրության մեջ։