
Բոլոր ազգերը կարիք ունեն ազգայնական ուժերի, գաղափարախոսների, հանրության մեջ իրենց երկրի ու հայրենիքի հանդեպ սերը բարձր պահելու և ինքնությունը չկորցնելու համար, բայց մինչև այն պահը, երբ գալիս են իշխանության: Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, երբ դասեր չես քաղում, և շատ հարցերի պատասխան գտնելու համար պարզապես պետք է հետհայացք գցել:
Բոլոր երկրներում ազգայնականներն արել են կարևոր աշխատանք, բայց ծայրահեղականությունը երբեք լավ բանի չի բերում, և ամեն ինչ կորցրել են, երբ հասել են իշխանության, քանի որ նրանք երբեք կանգ չեն առնում և տրորում են կարմիր գծերը՝ բախվելով այլ ազգերի շահերին:
Նրանք պետք են երկրի պատմության անիվը թեքելու համար, շարժիչ ուժ տալու համար, բայց երբ նրանց տալիս ես երկրի ամբողջ ղեկը, նրանք չեն կարողանում արգելակել: Շատ հաճախ երկրների տարբեր գաղափարական ուղղվածության ղեկավարներ հենվում են այդ ուժերի վրա, եթե նույնիսկ նրանք ընդդիմադիր են, երբ, օրինակ, դրսի ուժերին պետք է ցույց տալ, որ ազգայնական ուժերը դեմ են այդչափ փոխզիջումներին: Այսինքն՝ նրանք երկրին օգնում են՝ ընդդիմադիր լինելով:
Բայց ազգայնականները հենց վտանգավոր են նաև ներսում, երբ ամեն ինչ մերժելը կարող է հանգեցնել ամեն ինչ կորցնելու վտանգին:
Ներկայումս պատմությունը բախվում է ռուս-ուկրաինական պատերազմին, իսկ ուկրաինական «բանդերական» ուժերը հայտնի են իրենց ծայրահեղականությամբ, և դժվար է պատկերացնել, թե ինչ ավելի վատ հետևանքներ կլինեին, եթե հենց այդպիսի ուժեր լինեին երկրի կառավարման գլխին:
Ազգայնականության հետևանքների մասին պատմությունը շատ օրինակներ ունի և հենց ծայրահեղականության ամենամեծ դասը տվել է Գերմանիան:
Գերմանիա- Նացիզմ, ավտորիտար ազգայնականության ծայրահեղական ձև, որը դրսևորվում է դիկտատորական իշխանությամբ, ընդդիմության բռնի ճնշմամբ, արդյունաբերության ու առևտրի նկատմամբ վերահսկողությամբ։ Հիտլերի իշխանության օրոք ռասիստական գաղափարախոսության ներքո նացիստական ռեժիմը ձեռնամուխ եղավ մոտ 5,5 միլիոն հրեաների ցեղասպանության: Հիտլերի մոտ գերմանական ազգայնական գաղափարները վաղ տարիքից են զարգացել, նա ընդունում էր միայն Գերմանիան:
Թուրքիա- Թուրքական ազգայնականությունը ծագում է 1839 թվականին «Թուրանական հասարակություն» կազմակերպության հիմնադրումից` ընդգրկում է նաև համաթուրանականության և համաթյուրքականության գաղափարախոսությունները։ Սուլթան Աբդուլ Համիդ Բ-ի իշխանությունը տապալած երիտթուրքերի հեղափոխությունը սարքում է թուրքական ազգայնականությունը այնպիսի ուժ, որը վերջում գլխավորում են օսմանյան կառավարությունը վերահսկող երեք փաշաները։ Բոզկուրտ կամ Գորշ Գայլեր թուրքական երիտասարդական ազգայնական կազմակերպությունը հավատարիմ է պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսությանը։ Ազգայնականությունը և պանթյուրքիզմը դրված են որպես գաղափարական առաջնահերթություններ, որոնց նպատակն է ստեղծել Մեծ Թուրան՝ թուրքական ազգային ավանդույթների, մշակույթի և հասարակական կարգի հիման վրա։
Ուկրաինա- Ստեպան Անդրեի Բանդերա, ուկրաինացի քաղաքական գործիչ, ուկրաինական ազգայնականության գաղափարախոսն ու տեսաբանը։ Ծնվել է հոգևորականի ընտանիքում։ 1927 թվականից Ուկրաինական բանակային, 1929 թվականից Ուկրաինական ազգայնականների կազմակերպության (ՈւԱԿ) անդամ էր։ 1933 թվականից սկսած մի շարք ահաբեկչական գործողություններ է կազմակերպել։ 1934 թվականին լեհական իշխանությունները ձերբակալել են Բանդերային և դատարանի որոշմամբ մահվան դատապարտել, որը հետագայում փոխարինվել է ցմահ բանտարկությամբ, 1939 թվականի սեպտեմբերին ազատվել է Գերմանիայի՝ Լեհաստանի վրա հարձակվելու շնորհիվ։ 1940 թվականի փետրվարից դարձել է Ուկրաինական ազգայնականների կազմակերպության բանդերական թևի առաջնորդ։ Գերմանիայի՝ ԽՍՀՄ-ի վրա հարձակվելուց հետո մի շարք ազգայնականների հետ ձերբակալվել է գերմանական զավթիչների իշխանության կողմից, քանի որ ուզում էին անկախ Ուկրաինական պետություն ստեղծել։ 1947 թվականից կրկին ղեկավարել է ՈւԱԿ-ը։ 1959 թվականին ՊԱԿ-ի գործակալ Բոգդան Ստաշինսկին Մյունխենում սպանել է Ստեպան Բանդերային։