Շրի Լանկայում արգելափակել են մի շարք սոցիալական ցանցերի հասանելիությունը՝ փորձելով կանխել հետագա ցույցերը, որոոնց մասնակիցները կառավարությանը մեղադրում են տնտեսական ճգնաժամի խորացման համար, հաղորդում է Associated Press-ը:

Կիրակի համացանցի օգտատերերը երկրի շրջանների մեծամասնությունում չեն կարողացել մուտք գործել Facebook, Twitter, YouTube, WhatsApp եւ այլ սոցիալական հարթակներ: Համաշխարհային ինտերնետ-մոնիթորինգ իրականացնող Netblocks-ը հաստատել է, որ Շրի Լանկայի ողջ տարածքի ավելի քան 100 դիտորդական կետից ստացված ցանցային տվայալները ցույց են տվել, որ սահմանափակումներն ուժի մեջ են մտել կեսգիշերից:

Շրի Լանկայում շաբաթ երեկոյից մինչեւ երկուշաբթի առավոտ պարետային ժամ է սահմանվել, երբ երկրի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան հայտարարել էր արտակարգ դրություն սահմանելու մասին: Սոցանցերում նախագահի հրաժարականի պահանջով ցույցեր անցկացնելու կոչեր էին հրապարակվում՝ պնդելով, որ նա է պատասխանատվություն կրում տնտեսական ճգնաժամի համար:

Ռաջապակսան արտակարգ դրություն է սահմանել ուրբաթ կեսգիշերին՝ երկրում կիրակի ցույցեր կազմակերպելու կոչերի ֆոնին, քանի որ հիմնական մթերքների, վառելիքի պակասով եւ էլեկտրաէներգիայի երկարատեւ անջատումներով պահմանավորված ցասումն այս շաբաթ իր գագաթնակետին է հասել:

Արտակարգ դրություն հայտարարելը նախագահին լիազորություններ է տալիս հասարակական կարգի պահպանման համար՝ ճնշելով ցույցերը, անկարգությունները կամ քաղաքացիական անհանգստությունը, ինչպես նաև հիմնական մատակարարումների պահպանման համար: Նա կարող է նաեւ փոխել կամ կասեցնել ցանկացած օրենք, բացի Սահմանադրությունից:

Շրի Լանկան մեծ պարտքի եւ արտասահմանյան ներդրումների կրճատման հետ կապված խնդիրների առաջ է կանգնել:  

743