ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին, ինչպես նաև ազատ ու հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների մարզչական շտաբներին՝ քննարկելով մարզաձևում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:

Հանդիպմանը մասնակցել են ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը, հավաքականի մարզիչներ Սամվել Գևորգյանն ու Էդգար Ենոքյանը:

Քննարկվել են հուզող բոլոր հարցերը, և ԿԳՄՍ նախարարի տեղակալի հավաստմամբ՝ ստացել իրենց պատասխանները. «Որևէ անհասկանալի բան այլևս չի մնացել: Այո՛, կան որոշ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, բայց դրանք նույնպես լուծման վերջին փուլում են: Մնում է միայն ֆինանսների ավելացման խնդիրը, որովհետև եթե մենք գնում ենք դեպի օլիմպիական խաղեր՝ մեդալների ակնկալիքով, պետք է պատրաստ լինենք նաև գումար ծախսել»:

Կարեն Գիլոյանի խոսքով՝ հարցեր կան, որոնք վաղուց արդեն լուծվել են, հարցեր կան՝ լուծվել են մի քանի օր առաջ, որոշներն էլ հիմա են լուծվում՝ փուլ առ փուլ. «Հիմա մենք՝ մեր հերթին, ֆեդերացիան՝ իր հերթին, պետք է հասկանանք, թե ինչպես ենք լուծելու հավելյալ ֆինանսների հարցը»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծում է՝ վիտամինների ձեռքբերման գործընթացն ավարտված է. դրա համար 12 մլն դրամ է հատկացվել. «Մնացել է՝ իրենք որոշակի գործընթաց իրականացնեն, պարզապես գնան դեղատուն և գնեն: Գումարը կա, ձևը մշակված է: Ծանրամարտի ֆեդերացիան, օրինակ, վաղուց արդեն ստացել և օգտագործում է դեղորայքը, հավելումներն ու վիտամինները»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ըմբիշների մարզահագուստի խնդրին, ովքեր Եվրոպայի առաջնությանը մասնակցել են ֆեդերացիայից ստացված մարզահագուստով: Կարեն Գիլոյանն ասում է՝ ըմբիշները պետական մարզահագուստը չեն ստացել, քանի որ պետությունն անորակ հագուստ այլևս չի ընդունում: Որակյալ հագուստի ձեռքբերման համար էլ արդեն մրցույթ է կայացել, բարձր որակի հագուստ է ձեռք բերվել և այժմ Հայաստան տեղափոխվելու ճանապարհին է:

Ինչ վերաբերում է ըմբիշների ամսական վճարներին և թոշակներին, ապա Կարեն Գիլոյանի խոսքով՝ բոլոր այն մարզիկները, ովքեր ապահովել են անհրաժեշտ արդյունքներ, օրենքով սահմանված կարգով՝ առանց մեկ օր ուշացման, ստացել են իրենց գումարները:

Նշենք նաև, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի՝ 2022 թվականի ֆինանսավորումը 338 մլն 320 հազար դրամ է կազմում:

608