
Ջավախքցիները փորձում են անվադողեր եւ սնունդ փոխանցել Արցախին, սակայն վրացի իրավապահները նրանց թույլ չեն տալիս հավաքած հումանիտար օգնությունը հասցնել սահման եւ փոխանցել հայկական կողմին: Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ մի խումբ ջավախահայերի ֆեյբուքյան գրառումներից ու ուղիղ եթերներից:
Այս պահին մեծ թվով ջավախահայեր հավաքված են Նինոծմինդա քաղաքի ելքի մոտ եւ պատրաստվում են ուղեւորվել դեպի վրաց-հայկական սահման: Սակայն ոստիկանները նրանց կանգնեցրել եւ արգելում են առաջանալ:
Քաղաքացիական նախաձեռնության հեղինակներն այժմ բանակցություններ են վարում վրացի ոստիկանների հետ, որպեսզի վերջիններս թույլ տան հավաքածը անցկացնեն հայկական սահման` Արցախ տեղափոխելու նպատակով: Հավաքած հումանիտար իօգնությունն է՝ սնունդ, հագուստ ու առաջին անհրաժեշտության իրեր եւ անվադողեր:
Վրացի իրավապահների խոսքով՝ հավաքած օգնությունը սահմանից տեղափոխելու համար պետք է Վրաստանի արտաքին գործերի նախարարության թույլտվությունը, որը դեռեւս չկա: