
Գյումրու համայնքապետարանի և համայնքապատկան 58 կառույցի մոտ 2023 աշխատողի աշխատավարձ բարձրացվում է 10 տոկոսի չափով: Այս մասին հաղորդագրություն է տարածել համայնքապետարանի մամուլի ծառայությունը:
Այս պարագայում աշխատավարձի ֆոնդը ամսական բարձրացվում է մոտ 21 մլն դրամի չափով:
«Նախատեսում ենք այս տարվա հունիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել համայնքապետարանի և համայնքապատկան բոլոր կառույցների աշխատակիցների աշխատավարձերը: 2021 թվականի վերջին մենք հաստատել ենք 2022 թվականի բյուջեն ու բյուջեի համապատասխան հոդվածով պլանավորել էինք աշխատավարձերի բարձրացում։
Իրապես, մեր աշխատակիցների աշխատավարձերը ցածր են, և, հաշվի առնելով նաև թանկացումները, մարդկանց սոցիալական դժվարությունները, քննարկել ու նախատեսել ենք աշխատավարձերի բարձրացում այս փուլում: 10 տոկոսից ավելի բարձրացնելու հնարավորություն այս պահին չունի համայնքը, սուղ են համայնքի միջոցները: Պլանավորվում ենք աշխատավարձերի բարձրացում իրականացնել փուլային տարբերակով, յուրաքանչյուր տարի բարձրացնել աշխատավարձերը 10 տոկոսի չափով»,- տեղեկացրել է համայնքապետ Վարդգես Սամսոնյանը: