Ծանրալսության ախտորոշումը և բուժումը, չնայած ականջի միկրովիրաբուժության հաջողություններին, ժամանակակից ախտորոշիչ սարքավորումների ներդրմանը և լսողական սարքերի լայն կիրառմանը, դեռևս շարունակում է լինել առողջապահության խնդիր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նորածինների լսողության սքրինինգը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականից, իսկ 2018 թվականից այն արդեն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում: Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է բժշկական կազմակերպությունների տնօրենների, մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի պատասխանատուների, քիթ-կոկորդ-ականջաբանության առաջատար մասնագետների, առցանց ձևաչափով քննարկմանն է միացել նաև արտերկրից մասնագետ:

Ներկայումս առողջապահության նախարարությունը վերանայում է նորածնային լսողության սքրինինգի ծրագիրը` նոր շունչ հաղորդելու կոխլեար իմպլանտացիայի վիրահատության կազմակերպմանը:

Վաղ հասակում, մինչև երեխայի խոսելը, խնդիրը հայտնաբերելու, լսողական սարքով ապահովելու կամ վիրահատություն կատարելու դեպքում հնարավոր է ապահովել երեխայի խոսքի զարգացումը և հետագայում սոցիալական հարմարեցումը:

Ամփոփելով հանդիպումը` Արտակ Ջումայանն ընդգծել է. «Լսողական խնդիրների վաղ հայտնաբերումը և համապատասխան միջոցառումների կիրառումը հիմնական գործոններն են, որոնք կնվազեցնեն լսողության կորստի ազդեցությունը երեխայի զարգացման և առաջադիմության վրա»:

478