
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի հավատավոր զավակներ,
Սուրբ Հարության հրաշափառ տոնին քրիստոնյա ողջ աշխարհը վերստին փառաբանում է հարուցյալ Փրկչին, Ով խաչվեց և հարություն առավ մարդկանց մեղքերի քավության համար՝ մարդկությանը պարգևելով չարչարանքներից վեր հառնելու ուժը և հավիտենական կյանքը ժառանգելու շնորհը։ Տիրոջ Հարությամբ համախմբվեցին հուսալքված ու շփոթահար առաքյալները և Հարության բերկրությունն ու մխիթարությունը իրենց սրտում՝ Քրիստոսի կենարար վարդապետությունը տարածեցին աշխարհում և տերունապատվեր սիրո պատգամը հաստատեցին հավատացյալների հոգիներում։
Այսօր մենք և ազգիս աշխարհասփյուռ հավատավոր զավակները համախմբված եկեղեցիներում՝ Վերնատանը հավաքված առաքյալների պես զգում ենք Տիրոջ օրհնաբեր ներկայությունը, յուղաբեր կանանց հետ տեսնում թափուր գերեզմանը, լսում Հարության հրեշտակաձայն ավետիսը. «Այստեղ չէ, այլ հարություն առավ»։
Քրիստոսի Հարության տոնը մարդու հանդեպ աստվածային անսահման սիրո, մեղքի ու մահվան հանդեպ հաղթանակի տոնն է։ Փրկչի սերը թեև հանդիպեց ատելության ու թշնամանքի, սակայն Տերը երբեք չտարակուսեց և չընկրկեց։ Մարդկանց նկատմամբ Նրա հոգատարությունը թեև բախվեց մերժումի, Նրա բերած ճշմարտությունը հակադարձվեց կեղծիքով, բայց Քրիստոս իրագործեց Իր առաքելությունը՝ հանուն մարդկության փրկության, և հարություն առնելով հաշտություն հաստատեց աշխարհի և Աստծո միջև։ Արդարև, հարությունը այնտեղ է, որտեղ տերունավանդ սերն է հաղթանակում։ Հարության փրկարար շնորհով զորանում են հավատացյալ անձերը և արժանի դառնում հավիտենական կյանքի։ Հարությունը կենդանություն է բերում մեղքերով ծանրաբեռնված հոգիներին և մարդու ընթացքը ամուր պահում հույսի, սիրո և արդարության մեջ։
Քրիստոսի փրկագործությամբ արշալույսված դարերի հոլովույթում հարության հավատն ու շնորհը վերափոխել են անձերի ու ժողովուրդների, գոտեպնդել պատուհասների ու փորձությունների մեջ, զորություն պարգևել հաղթահարելու խաչելությունները, վեր հառնելու գողգոթաներից և հաղթանակած քայլելու հարուցյալ կյանքի ճանապարհով։ Այս ճշմարտությամբ ներշնչված է Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետը օրհնաբանում Տիրոջ հրաշափառ Հարությունը՝ ասելով. «Ուրախացան ազգք մարդկան, յորժամ լուան զՔո յարութիւնդ»։
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, այսօր մարդկության կյանքը ալեկոծված է պառակտումներով, հակառակություններով, ազգամիջյան ատելության կորստաբեր ընթացքներով։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի վտանգների մեջ է աշխարհը ծավալվող քաղաքական զարգացումներով, որոնք հանգեցնում են միջպետական, տնտեսական և սոցիալական լրջագույն խնդիրների, խաթարում են երկրների և ժողովուրդների ներդաշնակ համակեցությունը։ Աղոթենք, որ փոխհասկացողության և համերաշխության ոգին առավել զորանա մարդկանց մեջ, և խաղաղությունը տիրի ողջ աշխարհում, հատկապես այս օրերին՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի եղբայր ժողովուրդների կյանքում: Թող Աստծո առաջնորդությամբ մարդկության կյանքում շուտափույթ հանգուցալուծում գտնեն բոլոր բարդ ու մտահոգիչ իրավիճակները՝ զերծ պահելու աշխարհը նոր աղետներից։ Մեր Տերը այսօր էլ մարդկությանը տալիս է խաղաղության, եղբայրսիրության պատգամները և կոչում ապրելու աստվածապաշտությամբ ու մարդասիրությամբ։ Միայն հարուցյալ ընթացքով, Քրիստոսի պատվիրանների համաձայն ապրելով կարող ենք նոր կյանք արարել, որպեսզի, ըստ առաքյալի հորդորի, «ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով» (Հռ. 6.4)։
Զատկական այս լուսապայծառ առավոտ Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված և խնդրում, որ մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, Իր Հարության շնորհները հեղի մարդկության կյանքին, Իր Սուրբ Աջի ներքո պահպանի մեր հայրենիքը, աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ պարգևելով խաղաղություն, բարօրություն ու ապահովություն։ Թող հարության կենարար խորհրդով զորացյալ ազգս հայոց իրականության առաջնորդի նախնյաց և մեր նվիրական իղձերն ու տեսիլքները՝ ի փառս մեր երկրի և ի հավետ պայծառություն մեր ժողովրդի։ Տիրոջ սերը, խնամքը և ողորմությունը թող հովանի լինեն ազգիս ու հայրենյաց, այսօր և միշտ և հավիտյան. ամեն։
Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»,-ասված է ուղերձի մեջ: