ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրեց «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ձերբակալված և կալանավորված անձանց մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք անդրադառնում են քրեակատարողական ոլորտի մի շարք հիմնախնդիրներին:

«Այս պահին ըստ էության դատապարտյալի և կալանավորի պարտականությունն է իր սեփական առողջությանը վնաս չպատճառել, և եթե ունենում ենք ինքնավնասման, ինքնասպանության  փորձի դեպքեր, ստացվում է,  որ անձը հանդիսանում է ներքին կանոնակարգի խախտող՝ դրա համար կարող է ենթարկվել պատասխանատվության: Բայց հաշվի առնելով, որ մենք ունենք Խոտշանգումների կանխարգելման կոմիտեի ստանդարտները և նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարբեր արձանագրումներ, պետք է փաստել, որ ինքնավնասում կատարած անձի նկատմամբ վերաբերմունքը ոչ թե պետք է լինի պատժողական, այլ ընդհակառակը՝ պետք է ցուցաբերվի սոցիալ-հոգեբանական աջակցություն: Առաջարկվում է վերացնել ինքնավնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը»,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ անչափահասների նկատմամբ ևս կիրառվում է պատժախուց տեղափոխվելու կարգապահական տույժը, բայց Եվրոպական դատարանի պրակտիկա, զեկույցներ կան առ այն, որ անչափահասների նկատմամբ այսպիսի տույժերը պետք է լինեն վերջին միջոց, և նախատեսվում է  անչափահասների նկատմամբ պատժախուց տեղափոխելու ձևով կարգապահական տույժի կիրառումը վերացնել:

«Սա բնավ չի նշանակում, որ անպատժելիության որոշակի մթնոլորտ է առաջանում, որովհետև կան ևս երկու կարգապահական տույժեր՝ նկատողություն, կամ խիստ նկատողություն»,- ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքրվեց, եթե ըստ փոփոխության՝ ինքնավնասման, ինքնախեղման դեպքերը չենք դիտարկում որպես կարգապահական խախտում, վտանգ չկա՞, որ այդպիսի դեպքերը շեշտակի աճ կունենան: «Մարդիկ իրենց պատիժը կրելու ընթացքում մեծ մասը կանցկացնեն քրեակատարողական հիմնարկների բուժհաստատությունում, ձևերը շատ լավ գիտեն, ոնց է արվում»,- ասաց նա և նշեց, որ  համարում է, որ ինքնավնասումը պետք է շարունակվի դիտվել կարգապահական  խախտում:

Փոխնախարարը պատասխանեց, որ նախագծի ընդունումը չի նշանակում, որ քրեակատարողական հիմնարկը նման անձանց  չի հաշվառում, և սոցիալ-հոգեբանական աշխատանքներ են իրականացվելու: Նա վստահեցրեց, որ կարգապահական տույժի դեպքում էլ ինքնավնասման դեպքերը կրկնվում են բազմիցս:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ևս կիսեց Արմեն Խաչատրյանի մտահոգությունները և նշեց, որ շատ ժամանակ այդ ինքնախեղումը դարձել  է շանտաժի մեթոդ: Այսպիսով հանձնաժողովը քննարկումից հետո նախագծին տվեց դրական եզրակացություն:

 

816