Ռուսաստանը ժամանակին միջոցներ է ձեռնարկել տնտեսության մեջ Արևմուտքի «անբարեխիղճ» գործողությունների ռիսկերը նվազեցնելու համար և ակտիվորեն անցնում է հաշվարկների ազգային արժույթներով, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ, ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք նախապես սկսեցինք միջոցներ ձեռնարկել համաշխարհային տնտեսության մեջ Արևմուտքի իրականում անբարեխիղճ գործողությունների հետ կապված ռիսկերը նվազեցնելու համար»,- ասել է Գոնչարը՝ ​​պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազդում Արևմտյան երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների ճգնաժամը Բաքվի և Երևանի հետ Մոսկվայի համագործակցության վրա։

Նրա խոսքով, Ադրբեջանի հետ ողջ առևտրի շուրջ 30 տոկոսը ՌԴ-ն իրականացնում է ռուբլով, և Հայաստանը սկսել է գազի դիմաց վճարել այդ արժույթով։ Գոնչարի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Ադրբեջանի հիմնական տնտեսական գործընկերներից մեկը և առաջատարը ադրբեջանական նավթամթերք ներկրողների շարքում։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները քիչ են ազդվում արտաքին բացասական գործոններից և արագ հարմարվում են ոչ ստանդարտ իրավիճակին։

Նրա խոսքով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներում կողմերը պայմանավորվել են ընդլայնել ազգային արժույթների օգտագործումը առևտրում։

1078