Ոստիկանությունը հայտնում է , որ այսօր վաղ  առավոտյան Արցախ-Երևան ճանապարհի Սիսիանի ոստիկանական կայուն հենակետում կանգնեցվել է մի ավտոմեքենա, որի ստուգման ընթացքում հայտնաբերվել է ՌՊԿ տիպի երկու գնդացիր: Մեքենայում գտնվող երեք անձանցից մեկը ձերբակալված է:

Վերջին օրերին ներքաղաքական լարվածության ֆոնին հնչում են տարբեր վարկածներ, թե ինչ կարող է տեղի ունենալ մայիսի 1-ին և հաջորդող օրերին: Դրանցից դուրս չեն մնում նաև վատատեսական, բախումներ կանխատեսող  սցենարների  մասին ահազանգերը: Ոստիկանության հայտնաբերած դեպքը տարակուսանքի առիթ է տալիս, տրամաբանական հարց առաջացնելով, թե ինչ նպատակով են գնդացիրներ փորձել հասցնել մայրաքաղաք: Ընդդիմադիր երիտասարդները օրեր առաջ  անվադողեր էին տեղադրում կենտրոնական պողոտաներից մեկում, հիմա անհայտ անձինք գնդացիրներ են փորձել բերել մայրաքաղաք: Միթե  Հայաստանում կան ուժեր, որ կարծում են Երևանի կենտրոնում գնդացիրներով կարող են Արցախ փրկել, կամ որևէ այլ հարց լուծել, ընդհակառակը՝  մայրաքաղաքում գնդացիրներով կարող է լուծվել միայն մեկ խնդիր պետականության կործանման հարցը: Ընդդիմության վերջին շրջանի հռետորաբանությունը, հնչող կոչերը իհարկե հիմք տալիս է կարծելու, որ գնդացիր և այլ հրազեն կիրառելը հեռու չէ իրենց գործելաոճից, բայց  պիտի  քաջ գիտակցեն, որ բռնությունը չպետք է տեղ ունենա քաղաքականության մեջ: Մարտի 1-ին քաղաքացիների վրա կրակ բացելու հրաման տվողները  այսօր ընդդիմության առաջին  շարքերում մտքներից պիտի հանեն, որ բռնությամբ և բախումներով որևէ հարցի կարող են հասնել:

Իրավապահ մարմինները այս օրերին և հատկապես առաջիկա ժամերին պետք է հնարավորինս օպերատիվորեն արձագանքեն հնարավոր բոլոր սադրանքներին: Նրանք այս րոպեներին ոչ թե պաշտպանում են իշխանություններին ու երկրի ղեկավարներին, այլ պաշտպանում են առաջին հերթին Հայաստանի պետականությունը, ժողովորդավարությունը և քաղաքացիների անվտանգությունը:

1978