Հայաստանում նախորդ տարի գրանցվել է վարկավորման ակտիվության աճ բոլոր վարկատեսակներում, հատկապես նկատվել է հիփոթեքային վարկերի բարձր աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով 2021-ին վերաբերող ֆինանսական կայունության հաշվետվությանը:

«2021-ին վարկավորման շուկայում արձանագրվել է ակտիվության աճ: Հաջողությամբ հաղթահարելով 2020 թվականի շոկերի անբարենպաստ ազդեցությունները՝ արդեն 2021-ի երկրորդ կիսամյակից սկսած վարկավորման բոլոր ոլորտներում գրանցվել են աճի միտումներ»,-ասաց Գալստյանը:

Աճել է ֆինանսական ցիկլի ինդեքսը, որը արտացոլում է ֆինանսական շուկայի աճի և վարկերի ակտիվության դինամիկան: Ֆինանսական ցիկլի աճին մեծապես նպաստել են հիփոթեքային շուկայում զարգացումները: Վարկավորման ակտիվության աճ դրսևորվել է բոլոր վարկատեսակներում: Ըստ ԿԲ նախագահի՝ հատկապես ակնառու է հիփոթեքային վարկերի բարձր աճը:

«Անշարժ գույքի գները և հիփոթեքային վարկավորումը ցուցաբերել են աճի նմանատիպ միտումներ՝ դրսևորելով փոխլրացնող և միմյանց փոխսնուցող վարքագիծ: Այս պարագայում մեծանում է հիփոթեքային շուկայի «տաքացման» երևույթների առաջացման հավանականությունը: Հաշվի առնելով ՀՀ տնտեսության դիրքը ֆինանսական ցիկլի վրա՝ ԿԲ խորհուրդը կապիտալի հակացիկլիկ բուֆերը տարվա ընթացքում պահպանել է նվազագույն 0 մակարդակի վրա: Մինչդեռ հիփոթեքային շուկայում ռիսկերի առավել արդյունավետ և թիրախային հասցեագրման նպատակով ԿԲ-ն ներդրել է միջազգային պրակտիկայում լայն կիրառություն ունեցող վարկ-գրավ կամ LTV առավելագույնս սահմանաչափի պահանջները: Հաշվի առնելով արտարժութային հիփոթեքային վարկերի ներհատուկ ռիսկերը՝ արտարժութային հիփոթեքային վարկերի համար սահմանվել է ավելի ցածր շեմ կամ ավելի խիստ LTV-ի մակարդակ»,-ասաց Գալստյանը:

Ըստ նրա՝ 2021-ին բարելավվել է բանկերի ինչպես վարկային պորտֆելի որակը, այնպես էլ ռիսկերի կլանման կարողությունը: Էապես նվազել է վատորակ վարկերի կշիռը, որին ի լրումն տնտեսական ակտիվության աճի գործոնի, նպաստել է նաև բանկերի և վարկառուների կողմից ցուցաբերած առավել պահպանողական մոտեցումը: Գալստյանը վստահեցնում է՝ բանկային համակարգերի ռիսկերի կլանման կարողությունը բարելավվել է, մասնավորապես գրանցվել է թե կապիտալի, թե իրացվելիության բուֆերների աճ:

854