Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է երեկ ընդդիմադիր ուժերի կողմից Գյումրու Երևանյան խճուղում տարեցների նկատմամբ կիրառված բռնությանը:

Մարզպետը գրել է.

«Նախօրեին Գյումրի հյուրախաղերով ժամանած հրոսակախումբը հատել էր պարկեշտության բոլոր սահմանները։ Ժողովրդի կողմից իրական աջակցություն չունենալով՝ բախտախնդիր երիտասարդները հարձակում էին գործել տարեց մարդկանց վրա, ովքեր այլակարծիք էին։

Պետք է փաստել, որ տարեցների կարծիքը Գյումրիում կիսում են շատ ու շատ քաղաքացիներ, որոնք իշխանազավթման անհաջող թատերական այս ներկայացման մասնակիցը չեն կարող լինել։ Նախօրեից փորձում էի լուռ մնալ, որեւէ գնահատական չտալ, որովհետեւ շարքային քաղաքացու խոսքն ավելի լսելի էր, շիրակցու կարծիքը՝ առավել քան ցայտուն։

Բայց տարածված տեսանյութը եւս մեկ անգամ ապացուցում է այն արժեքային համակարգը, որի կրողն են իրենց «գաղափարական» հռչակած ընդդիմադիրների երիտթեւի ներկայացուցիչները։ Այո՛, սա ձեր արժեքներն են, սա  ձեր դավանանքն է, սա ձեր մոտեցումն է սովորական քաղաքացու հանդեպ։

Իրավապահները տեղեկացված են, աշխատում են այս ուղղությամբ, եւ խուլիգանության հոդվածով արդեն քրեական գործ կա հարուցված»։

1934