
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երեքշաբթի կոչ է արել զուսպ լավատեսություն պահպանել ԱՄՆ-ից F-16 կործանիչներ ձեռք բերելու հարցում։
«Դա երկարատեւ գործընթաց է, եւ մենք դրական արդյունքի հույս ունենք։ Արդյոք այն կավարտվի դրական։ Հնարավոր է։ Բայց հստակ դեռ հայտնի չէ։ Մենք ուշադիր հետեւում ենք այս գործընթացին»,- ասել է Աքարը Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ապրիլի վերջին Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել էր, որ Անկարային F-16 կործանիչներ մատակարարելու հարցով շփումները նախատեսվում է ակտիվացնել, եւ անհրաժեշտության դեպքում դրանց կարող են միանալ երկու երկրների նախագահներ Թայիփ Էրդողանը եւ Ջո Բայդենը: Ավելի վաղ Աքարը նաեւ հայտնել էր, որ թուրքական կողմը նամակ է գրել ԱՄՆ պետդեպարտամենտին, որը վերաբերում է կործանիչների վաճառքին, որն այնուհետեւ ուղարկվել է Կոնգրես: Պետդեպարտամենտի նամակում ասվում է, որ Թուրքիայի կործանիչների վաճառքը կհամապատասխանի ԱՄՆ ազգային անվտանգության շահերին: