«Նման անառողջ մթնոլորտ ունեցող ակցիաներին երեխաներին ներգրավելը պարզապես անբարոյականություն է, իսկ նպատակն է` նրանց միտքը թունավորելը ու հետագայում արդեն իրենց չար նպատակներին ծառայեցնելը: Եկեք չմոռանանք, որ Նաիրի Հունանյանին էլ են այդպես մեծացրել, կամ պայմանական նաիրիհունանյաններին»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը` խոսելով ընդդիմության հավաքներին անչափահասների ուղղակի մասնակցության մասին:
Քաղաքագետը նկատում է` անթույլատրելի է անչափահասներին նման գործընթացներում ներգրավելն ու որպես PR-ի գործիք օգտագործելը, բայցեւ պնդում է` եթե անգամ այդ տարիքի երեխային այնուամենայնիվ հետաքրքրում է քաղաքականությունը, միեւնույն է` նման ակցիաների հենց կիզակետում հայտնվելը, մեղմ ասած, նորմալ չէ. «Իրավիճակը հետեւյալն է. փողոցում գտնվողների համար անթույլատրելի ոչինչ չկա, քանի որ իրենց նմաններն ուղղակի ցանկանում են այն, ինչ ընկնում է ձեռքների տակ վերցնել ու ծառայեցնել հանուն իրենց քաղաքական շահի։ Մարդկանց օգտագործում են որպես հումք»:
Հոգեբան Վիլեն Վարդանյանն էլ նմանատիպ ակցիաներին երեխաների մասնակցությունը հոգեբանական տեսանկյունից փորձեց վերլուծել։ Ըստ հոգեբանի` ընդդիմության նման գործելաոճը անպատասխանատու ապաքաղաքական պայքարի ձեւ է, որտեղ բովանդակություն, որպես այդպիսին, չկա, իսկ միակ գաղափարը ատելությունն ու պաթոսն է, որն ուղղակիորեն ազդում է առաջինը կիզակետում գտնվող երեխաների վրա. «Այժմյան ցույցի առաջնորդները հիմնականում օգտագործում են հետեւյալ արտահայտությունները` ով իրենց հետ չէ՝ «դավաճան» է, «թուրք» է, «թշնամի» է, նպատակ ունենալով ձեւավորել վախի մթնոլորտ, ուստի, եթե երեխայի պատկերացումները մի փոքր էլ ուժեղ լինեն, վստահաբար, նա ունենալու է ենթագիտակցական վախեր, որոնք, բնականաբար, հետագայում դրսեւորվելու են մինչեւ անգամ մղձավանջներով»:
Հոգեբանը Ազատության հրապարակով քայլող տղային նմանեցրեց Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպի հերոս 12-ամյա Գավրոշին. «Տեսեք, ոնց Ֆրանսիական հեղափոխության միջի Գավրոշն է ծառայում որպես առաջնորդող մոդել, այս չակերտավոր «հեղափոխության» մեջ էլ այդ տղան է նույն դերում, սա հենց Գավրոշի սինդրոմն է: Պետք է, չէ՞, ինչ-որ սիմվոլ ստեղծեին իրենց հեղափոխության համար, պետք է, չէ՞, հանրությանը ցույց տային, թե իբր այդ փոքր երեխայի մոտ է ինքնասիրությունն արթնացել, իսկ դու հասուն մարդ՝ դեռեւս տանը նստած ես, չես միանում մեզ»:
Վարդանյանը վստահ է, ընդդիմությունն այս «պայքարում» չի հաջողի հենց միայն այն պատճառով, որ ազդեցության համար օգտագործում է միայն վիզուալը` լացող մայրեր, հայրենասեր երեխաներ, եռագույններ, չմտածելով անգամ այն մասին, որ հանրությանը հետաքրքիր է բովանդակությունը, ուստի, եթե այն բացակայում է՝ գրքային ինչ տեխնիկա էլ կիրառի, շոշափելի արդյունք չի ապահովելու:
Աննա ՉԻԲՈՒԽՉՅԱՆ