
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի նախագծին և անհետաձգելի համարեց այն:
Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և նշեց, որ վացուց վերափոխման անհրաժեշտություն ուներ օրենսգիրքը: Նա նշեց, որ նախատեսված է ուղղիչ հիմնարկների տեսակների փոխարեն՝ բաց, կիսաբաց, փակ և բուժական, ունենալ անվտանգության երեք գոտիներ՝ ցածր, միջին և բարձր ռիսկայնության հիմքով: «Դատապարտյալների հիվանդանոցում թեև շենքային պայմանները լավը չեն, բայց դատապարտյալները ձգտում են այնտեղ հայտնվել, քանի որ այնտեղ ավելի ազատ պահման ռեժիմ կա, և դա առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր, և այս փոփոխությամբ բուժական հիմնակն էլ հարմարեցված է այս երեք ռիսկայնության գոտիներին»,- ասաց նա:
Կարեն Անդրեասյանը նշեց նաև, որ նոր գործիքակազմ են ներդնում, որ կանխարգելեն ինքնավնասումները, ինքնասպանությունները: Նա կարևորեց, որ օրենսգրքի փոփոխության տրամաբանությամբ՝ յուրաքանչյուր դատապարտյալի պատժի կրումը պետք է լինի անհատականացված:
«Սա նոր քայլ է քրեակատարողական համակարգում և դրական քայլ է ազատազրկման դատապարտվածների համար: Հեղափոխության արդյունքում արդեն ակնհայտորեն նվազել են ազատազրկված մարդիկ, բայց որքան էլ կան, պետք է շարունակենք հոգ տանել իրենց մասին և փորձել այնպես անել, որ վերադառնան հասարակություն, ընտանիքներ իրենց պատիժը կրելուց հետո»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔԿՀ-ների ծանրաբեռնվածության թեթև ռեժիմ ունենալը կարևոր համարեց: