Մայիսի 12-ին Պոդգորիցայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, չեռնոգորականը՝ երկկողմ հարաբերությունների, տնտեսական և մշակութային դիվանագիտության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Չեդոմիր Ֆուշտիչը։ ՀՀ պատվիրակության կազմում էր նաև Չեռնոգորիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա)։

Հանդիպման մեկնարկին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։

 

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու հնարավորությունները, ուրվագծվեցին տնտեսական կապերի աշխուժացմանն ու առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված գործնական քայլերը։ Անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում համագործակցությանը և այն ընդլայնելու հեռանկարին։

Հայկական կողմը ներկայացրել է տարածաշրջանում կայուն խաղաղությանն ուղղված Հայաստանի մոտեցումները և կարևորել միջազգային հանրության կողմից դրանք սատարելու անհրաժեշտությունը։ Կողմերը ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունում հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև ՆԱՏՕ-ի և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր տնօրեն Վլադիմիր Վուչինիչի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Նույն օրը ՀՀ պատվիրակությունը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի նախագահի խորհրդական Թամարա Բրայովիչի հետ։ Անդրադարձ է կատարվել բարձր մակարդակով քաղաքական երկխոսության հաստատման կարևորությանը, ինչպես նաև երկկողմ միջպետական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակին։

258