Հայաստանում հնգօրյա աշխատանքային ռեժիմով գործող ուսումնական հաստատություններում 2021-2022 թթ. ուսումնական տարվա ավարտը նախատեսվում է հունիսի 3-ին։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Հունիսի 6-ին էլ կլինի 6-օրյա աշխատանքային ռեժիմով գործող ուսումնական հաստատություններինը։ Այդ օրերին կլինեն վերջին դասի արարողությունները»,– նշեց Անդրեասյանը։

Նրա խոսքով` հայտնի են նաև 4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգման օրերը։ Հունիսի 10-ին և 13-ին լինելու են «Մայրենիի» և «Մաթեմատիկայի» գրավոր աշխատանքները, իսկ ազգային փոքրամասնությունների համար քննաշրջանի ընթացքում կանցկացվեն «Ռուսաց լեզվի» և «Մայրենի լեզու և գրականություն» առարկաների քննությունները։

9-րդ դասարանցիների համար ավարտական քննությունների օրերը նույնպես հայտնի են։

«Այս տարի մենք ունենք 2 կենտրոնացված քննություն` «Հայոց լեզու» (հունիսի 28-ին) և «Մաթեմատիկա» (հունիսի 30-ին)։ Հունիսի 8-ից սկսվում են նաև մնացած առարկաների քննությունները, որոնք կազմակերպվելու են հենց դպրոցներում։ Հայտնի են նաև 12-րդ դասարանում ավարտական քննությունների օրերը` «Հայոց լեզու և գրականություն» առարկան կլինի հունիսի 8-ին, «Հայոց պատմությունը» հունիսի 15-ին, իսկ «Մաթեմատիկան»՝ հունիսի 22-ին»,– տեղեկացրեց Անդրեասյանը։

Նա նշեց` առաջիկայում կհրապարակվեն նաև միասնական քննությունների օրերը։

3021