Ընդդիմության կազմակերպած հանրահավաքների առաջին իսկ օրից Հայաստանում զգալի աճել է ատելության խոսքի եւ բռնության կոչերի ծավալը։ Որքան էլ որ ցավալի է, այս ամենին համընթաց միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը օնլայն տիրույթից տեղափոխվել է առօրյա կյանք, մասնավորապես` փողոց: Դրա վառ ապացույցը փողոցում իրականացվող ահաբեկումներն ու բռնարարքներն են. ընդդիմության կողմից` «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ բռնությանը հաջորդեց դերասան Սոս Ջանիբեկյանին հետապնդումն ու նրա հասցեին հայհոյանք հնչեցնելը, նրա վրա դատարկ շշեր նետելը, իսկ ՀՅԴ երիտասարդների կողմից Գյումրիի չորս տարեց տղամարդկանց ծեծի տեսանյութը ողողել էր ողջ համացանցը:
 


«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը, վերլուծելով ընդդիմության ակցիաների ընթացքում կիրառվող բռնությունները, նկատում է` ընդդիմությունն անգամ չի էլ փորձում թաքցնել իր գործելաոճի կարեւորագույն տարրի` ատելության խոսքի կիրառումն ու տարածումը. «Հաճախ են, չէ՞, ասում` «առանց թուրքի Հայաստան», կամ, դիմելով իրենց չմիացող քաղաքացիներին, ասում են «թուրք»։ Սա ոչ այլ ինչ է, քան հենց ատելության դրսեւորում: Պետք է ազատվել որեւէ ազգով ազգակցին վիրավորանք հասցնելու բարդույթից, իմ գնահատմամբ սա ընդամենը հասարակ ցածրորակ վարքագիծ է, ուստի պարզ է` նրանք նման կոչեր կիրառում են իրենց ինտելեկտուալ հնարավորությունների սահմաններում»:

Ընդդիմության կողմից արծարծվող թեզին` իբր իրենց կողմից անցկացվող ակցիաները միտված են Արցախի փրկությանը, Ալեքսանյանը հակադարձեց, նշելով` իրենց նպատակը սոսկ իշխանափոխությունն է. «Գիտեք ինչ, իրենք երեւի չեն պատկերացնում, որ «Արցախի փրկություն» գոչելն այլ բան է, վարքագիծ դրսեւորելն ու մարդկանց ընկալումը տարբեր բաներ են»:

Անդրադառնալով Գեղամ Մանուկյանի որդու եւ մի քանի երիտասարդների կողմից ծեծի ենթարկված տարեցների միջադեպին՝ Ալեքսանյանն այն դատապարտելի որակեց. «Ո՞նց կարելի է այդկերպ վարվել, չէ՞ որ  ծերերը, ինչպես երեխաները, ամենաանպաշտպան շերտն են համարվում, նրանք ամենախոցելին են, հատկապես իրավունքների տեսանկյունից, այսօր իրականացվող յուրաքանչյուր բռնություն դատապարտելի է»:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահը զգոնության կոչ արեց թե´ ցուցարարներին, թե´ ոստիկանական ուժերին, եւ թե´ իշխանությանը, նշելով` իշխանությունը քաղաքացիական բախումները բացառելու համար պետք է խստորեն վերահսկի հավաքների ողջ ընթացքը:

Աննա ՉԻԲՈՒԽՉՅԱՆ

1675