ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրեց «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին և «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

«Հիմա պետական սահմանի անցման կետերում վերահսկողական կամ հսկողական գործառույթներ իրականացնում են ԱԱԾ սահմանապահ զորքերը, մաքսային մարմինները՝ մաքսային հսկողության մասով, ոստիկանությունը՝ անձնագրային և ճանապարհային երթևեկության օրենսդրական խախտումների նկատմամբ վերահսկողության մասով, և տեսչական մարմինը՝ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, անասնաբուժական, բուսասանիտարական վերահսկողության մասով:

Նախագծով առաջարկվում է «Պետական սահմանի մասին» օրենքում կատարել մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ հստակ ամրագրել, որ պետական սահմանին գործառույթներ իրականացնում են բացառապես սահմանապահ զորքերը և մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմինները»,- ասաց Բադասյանը:

Նրա խոսքով՝ եթե հիմա սահմանը հատող քաղաքացիները արտահանման կամ ներմուծման պրոցեսում կարող են առնչություն ունենալ 4 պետական մարմնի հետ, ապա այս նախագծով առաջարկվում է պրոցեսը դյուրացնել և առնչվել 2 պետական մարմնի հետ:

«Ստիպված չեն լինում նույն փաստաթուղթը ներկայացնել տարբեր մարմինների: Մի փաստաթղթի փաթեթով մոտենում են մի պատուհանին և արագ գործառույթից հետո հատում սահմանը: Ավելի պատկերավոր ասած՝ եթե բեռնատարը նախկինում պիտի գար, սահմանապահ մարմնի ծառայողն իր գործառույթն իրականացներ, որը հետո նույնանում էր մաքսային մարմնի ծառայակցի նույն գործառույթի հետ, այսինքն՝ կրկնակի զննություն էր կատարվում, հիմա դա չի լինելու»,- ասաց Բադասյանը:

345