Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ենթակայության բժշկական հաստատությունների տնօրենների հետ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Կարևորելով ազգաբնակչությանը բժշկական որակյալ ծառայություններ մատուցելը՝ Շիրակի մարզպետը հորդորել է պատասխանատուներին աշխատանքում լինել առավել զգոն և ուշադիր․

«Ինձ համար աշխատանքի ցուցիչը բնակչության գոհունակությունն է, եթե բնակիչը գոհ է, ապա մենք ևս դժգոհություն չենք կարող ունենալ, այստեղ առաջնային օղակի բուժհաստատությունները պետք է շատ ավելի հետևողական լինեն աշխատանքին և, իհարկե, այս պարագայում նաև պետության աջակցությունն է պետք, որպեսզի հնարավոր լինի համակողմանի և ճիշտ գործել։ Մենք բոլորս առողջապահության բնագավառում հնարավոր թերացումների, սխալների ու նաև օրենքից դուրս քայլերի մասին շատ արագ կարող ենք տեղեկանալ, այս առումով իմ մոտեցումն անփոփոխ է մնալու՝ կպատժվեն բոլոր անօրինություններ կատարողները։ Մարդկանց առողջությունը ամենակարևորն է»։

Շիրակի մարզպետը խոսել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության տրամադրման, վճարովի ծառայությունների ընդլայնման անհրաժեշտության մասին ու նշել, որ հաստատությունների ղեկավարները պետք է ամեն ինչ անեն ծառայությունները որակյալ ու ժամանակին տրամադրելու համար, կարևորել հաստատությունների միջև գործընկերային հարաբերությունները, որը կբխի քաղաքացիների շահերից։

«Ես միշտ եմ կարևորել պատասխանատու աշխատանքը, իսկ առողջապահության բնագավառում պատասխանատավությանն ու հոգատարությանն այլընտրանք չի կարող լինել։ Ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ պատահական օր, պատահականորեն դուրս եմ գալու և այցելելու եմ պատահական բուժհաստատություն, չստացվի այնպես, որ քաղաքացին կեսօրից հետո այցելելով պոլիկլինիկա հանդիպի փակ դռների, երեկոյան ժամերին գնա ստացիոնար բուժհաստատություն և իմանա, որ մի շարք ծառայություններ անվճար հիմունքներով հնարավոր է իրականացնել, բայց դրա համար անհարաժեշտ է պոլիկլինիկայում փաստաթղթեր ձեռք բերել»,- նշել է Նազելի Բաղդասարյանը։

Անդրադարձ է կատարվել բուժհաստատություններում նեղ մասնագետների պակասին, ինչպես նաև պոլիկլինիկական ծառայության մասնագետների երիտասարդացման հիմնախնդրին։ Մարզպետի գնահատմամբ` այս գործընթացը պետք է լինի սահուն, սակայն առանց հապաղելու։

Խոսելով կորոնավիրուսի ցուցանիշների մասին՝ մարզպետը նշել է, որ հիվանդության նվազման տենդենցն ամենևին պատճառ չէ պատվաստումային գործընթացը դանդաղեցնելու համար։ Ամեն ինչ պետք է արվի բնակչության պատվաստվածության ցուցանիշների բարձրացման համար։

169