Հունաստանում ՀՀ դեսպանության և «Quality Wines» հայկական խմիչքների և զովացուցիչ ըմպելիքների ներկրող ընկերության կազմակերպմամբ մայիսի 18-ին Աթենքի Մարիոտ հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել հայկական խմիչքների ներկայացման և համտեսման երեկո՝ ներառելով հայկական գինու, կոնյակի, գարեջրի, զովացուցիչ ըմպելիքների լայն տեսականի։

Այս մասին հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։ Երեկոյին ներկա էին Հունաստանի գործադիր, օրենսդիր մարմիների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, Հունաստանում գինեգործության ոլորտի մասնագետներ, գործարարներ, գաստրոնոմիայի բնագավառում մասնագիտացված լրագրողներ և անհատներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը;

«Մեր օրերում գինեգործությունը վերածնունդ է ապրում Հայաստանում։ Հայկական գինու առանձնահատկությունը պայմանավորված է Հայաստանում այդ մշակույթի դարավոր առկայությամբ, բայց նաև այն հանգամանքի առկայությամբ, ինչը ֆրանսիացիներն անվանում են terroir, այսինքն՝ բնական միջավայրի գործոնով:

Բացի այդ, կարևոր նշանակություն ունի սփյուռքահայ ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում գինեգործության զարգացման գործում, այդ թվում՝ Հայաստանում միջազգային փորձի ներդրմամբ: Հպարտությամբ կարող եմ արձանագրել, որ աշխարհի լավագույն գինեգործության վերաբերյալ ամսագրերը լի են մեր օրերում հայկական գինու մատուցած բարձր որակի իրական գնահատմամբ»- ասել է Տիգրան Մկրտչյանը;

Դեսպանը, հղում անելով հին հունական աղբյուրներին և հնագիտական հետազոտություններին, նշել է, որ Հին Հայաստանում հազարամյակներ առաջ են առկա եղել գինեգործությունը և գարեջրագործությունը:

Այնուհետև դեսպան Մկրտչյանը պատմական ակնարկ է արել հայկական լեգենդար կոնյակի պատմությանը՝ ընդգծելով դրա միջազգային մեծ վարկանիշը և արձանագրած հաջողությունները:

Դեսպանը հյուրերի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ «Quality Wines» ընկերությունը, չնայած բոլոր դժվարություններին և ժամանակակից մարտահրավերներին, մեծ ջանքեր է գործադրում որպեսզի հայկական լեգենդար Արարատ կոնյակը, 70 տարատեսակ հայկական գինու, գարեջրի, մրգային օղու, հանքային ջրի և հայկական քաղցրավենիքի տեսականիները միշտ ներկայացված լինեն հունական և կիպրական շուկաներում՝ միաժամանակ ընդարձակելով ներկրվող տեսականին:

Խոսքով հանդես է եկել նաև «Quality Wines» ընկերության հիմնադիր տնօրեն Դանիել Ապիկյանը՝ ներկայացնելով ընկերության 15 տարվա գործունեության համառոտ նկարագիրը, հեռանկարները; Նա ընդգծել է նշյալ հայկական ապրանքատեսականիների որակն ու առանձնահատկությունը:

Երեկոն ընթացել է ջազային երաժշտության ներքո` հունահայ երգչուհի Նեվի Ցուկալայի կատարումներով:

 

923