«Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ են անցկացվել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան, Կոթի, Ոսկեվան և Վայոց ձորի մարզի Վայք ու Արենի համայնքների Սարավան, Կարմրաշեն, Ագարակաձոր բնակավայրերում:
Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, նշելով, որ մարզային փրկարարական վարչության և համայնքների հրշեջ փրկարարական ջոկատի աշխատանքային խմբերի կողմից իրականացվող վարժանքի ընթացքում գործարկվել է ազդարարման շչակները:
Բնակավայրերի վարչական շենքերում, մանկապարտեզներում, դպրոցներում անցկացվել են տեսական պարապմունքներ՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով։
«Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը համաճարակների առաջացման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն է անցկացվել նաև Իջևանի համայնքապետարանում:
Ուսումնավարժությունների ընթացքում ստուգվել են համայնքներում առկա պլանների իրատեսությունը, բնակչության տարահանման, պատսպարման հաշվարկները, համայնքների կազմավորումները և նրանց գործառույթներն արտակարգ իրավիճակների ժամանակ: