Երեկ առավոտյան ասացին, որ գողերին գտել են,  հետո ասացին, որ նաև զանգը և գիրքն են գտել: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով Տիկնիկային թատրոնի դիմաց տեղադրված երկաթե զանգի,   «Ընթերցողի արձան» քանդակից գրքի գողությանը:

Ռուբեն Բաբայանը ուշադրություն հրավիրեց նաև արձանների գողությանը, գերեզմաններում տեղի ունեցող գողությանը:

«Իրենք դա գողանում են ձուլելու համար, ես կարծում եմ, որ պետք է խիստ վերահսկողություն սահմանել ձուլարաններում, քանի որ այնտեղ են հիմնականում տանում հանձնում: Դեռ 20 տարի առաջ թատրոնից վերանորոգման ժամանակ գողացան բրոնզե մոմակալները»,- ասաց նա և նշեց, որ այլ դեպքեր չեն եղել:

Ռուբեն Բաբայանը կարծում է, որ պետք  է հանրայնացնել այդ գողերին, որ բոլորը դեմքով ճանաչեն նրանց, և պախարակվեն հանրության կողմից, որ դառնա անընդունելի: «Զանգը որպես նյութ էժան  արժե, քանի որ պետք է ձուլեին, հնարավոր է 10-15 հազար դրամ կարժենար գողերի համար»,--ասաց նա և նշեց, որ տարածքում ունեն տեղադրված տեսախցիկներ:

Նա շնորհակալություն հայտնեց ոստիկաններին օպերատիվ աշխատանքի համար:

678