Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի հետ ԱԺ բակում ներկա է գտնվել Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

Վարչապետ Փաշինյանը երկարամյա հայրենանվեր գործունեության համար ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով:

Կառավարության ղեկավար նշել է, որ պարգևը ՌԱԿ կատարած աշխատանքի գնահատանքն է ՀՀ իշխանությունների կողմից:

Վարչապետն իր խոսքում մասնավորապես ասել է.

«Ռամկավար ազատական կուսակցության հարգելի ղեկավարներ և ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ՌԱԿ հիմնադրման 100-ամյա հոբելյանի առիթով:

Կուսակցությունն իր մեկդարյա գործունեությամբ ծառայել է մեր ժողովրդին և Հայրենիքին՝ հանդիսանալով հայությանը ոգեշնչող, կարևոր ազգային խնդիրների լուծման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայության ներգաղթի կազմակերպման և այլ համազգային խնդիրների լուծման կարևոր կազմակերպություններից մեկը:

Իրենց ազգանվեր գործունեությամբ հիշատակման են արժանի կուսակցական այնպիսի անհատներ, ինչպիսիք էին՝ Վահան Թեքեյանը, Արշակ Չոպանյանը, Միհրան Տամատյանը և այլք:

Ավանդական այս կուսակցությունը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել համահայկական նշանակություն ունեցող գործընթացներում, իր պատմությամբ ու անցած ճանապարհով՝ ապացուցել կենսունակությունը:

Բարձր գնահատանքի է արժանի ոչ միայն Ռամկավար ազատական կուսակցության գործունեությունն ու պատմությունը, այլ նաև նրա դերը Սփյուռքում քաղաքական ու հասարակական կյանքի կազմակերպման մեջ: Մասնավորապես անգնահատելի է կուսակցության ներդրումը հայապահպանության, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր էլ զգում է ՌԱԿ աջակցությունն ու զորակցությունը հայության և Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման, ազգային ինքնության և լեզվի պահպանման, Մայր Հայրենիքի հետ կապերի ամրապնդման, Հայաստանի ու Արցախի զարգացման և այլ հարցերի լուծման գործում:

Մենք շահագրգիռ ենք կուսակցության քաղաքական գործունեության զարգացմամբ, որը կրում է այնպիսի ավանդույթներ և արժեքներ, որոնք միտված են բացառապես մեր երկրի և ժողովրդի միասնականության, ազատության ու պետականության ամրապնդմանը:

Հարգելի գործընկերներ,

Այս հոբելյանը լավ առիթ է՝ արժևորելու անցած ճանապարհը, վերագնահատելու այն և զարգացման նոր ուղի դուրս գալու միջոցները գտնելու համար:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման մեկդարյա հոբելյանի առիթով՝ մաղթում եմ կուսակցաշինական բեղմնավոր ու արգասաբեր գործունեություն՝ ի փառս մեր երկրի, հանուն Հայաստանի ժողովրդի և ողջ հայության:

Համոզված եմ՝ Հայաստանն ու հայությունը մշտապես շարունակելու է զգալ Ռամկավար ազատական կուսակցության զորակցությունն ու աջակցությունը»:

474