Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 26-ին Կոտայի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Այդ օրը, ժամը 21։50-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղից իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու, որը կարճ ժամանակ անց հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Պռոշյան գյուղի բնակիչ՝ 60-ամյա Տիգրան Տ-ն էր, որը նույն օրը, ժամը 18։30-ի սահմաններում, իրենց շենքի՝ իրեն պատկանող ալեհավաքը ուղղելու նպատակով փայտե աստիճաններով վեր բարձրանալիս աստիճանից անզգուշաբար վայր է ընկել և ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։