ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է EduArmenia2022 համահայկական գիտակրթական աշխատաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և հանդես եկել ողջույնի խոսքով։

Բացման արարողությանը մասնակցել են նաև EDUArmenia-ի համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաջյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ոլորտի մասնագետներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, սփյուռքյան գործընկերներ:

Աշխատաժողովն անցկացվում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և EDUArmenia հիմնադրամի համագործակցությամբ: Այն մեկ հարթակում է համախմբել ներառական կրթության բոլոր շահագրգիռ կողմերին։

Աշխատաժողովն անցկացվում է արդեն երրորդ տարին, այս տարվա խորագիրն է՝ «Ներառական կրթություն»։  

«Շատ կարևոր է ունենալ հնարավորություն՝ խոսելու այն բոլոր խնդիրների մասին, որոնցով պայմանավորված է մեր վաղվա օրը։ Ըստ այդմ՝ մեր ապագան կախված է այսօրվա կրթությունից, դրա որակից, առկա մարտահրավերներին դիմակայելու կարողությունից, և հաճախ բանալին հենց մեր մեջ է։ Որակյալ կրթությունն է, որ հասարակության զարգացման բանալին է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ փոխնախարարը հատկապես կարևորել է նմանօրինակ նախաձեռնությունների դերը, որոնք ծնվում են կրթական համակարգի անմիջական մասնակիցների ջանքերով և բերում են փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են կրթական համակարգին։

Ժաննա Անդրեասյանն աշխատաժողովի անցկացումն արժևորել է նաև ոլորտի տարբեր կառույցներին համախմբելու, փոփոխության ձգտող մանկավարժական համայնքի ներուժը բացահայտելու տեսանկյունից և վստահություն հայտնել, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես պատրաստակամ է աջակցելու կրթական բարեփոխումներին միտված առաջարկներին ու գաղափարներին և դրանք կյանքի կոչելուն։

Այս տարի առաջին անգամ է աշխատաժողովն անցկացվում նաև առկա ձևաչափով, և բանախոսությունների մեկնարկը կտրվի հուլիսի 1-ին։ Մինչև հուլիսի 4-ը ներառյալ կլինեն 120 ելույթներ, այդ թվում՝ առցանց հանդիպումներ։

Միջոցառման ավարտին աշխատաժողովի մասնակից շահագրգիռ կառույցների միջև կնքվել են համագործակցության հուշագրեր։

693