
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունից թույլտվություն է խնդրել լքել ակումբը, եթե գոհացուցիչ առաջարկ լինի, հայտնում է The Times-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 37-ամյա ֆուտբոլիստի որոշումը կապված է Չեմպիոնների լիգայում մինչև կարիերայի ավարտը խաղալու ցանկության հետ։ Նշվում է, որ ինքը՝ Ռոնալդուն, կարծում է, որ իրեն մնացել է երեքից չորս տարի՝ բարձր մակարդակով խաղալու համար։Ֆուտբոլիստի պայմանագիրը մանկունիանցիների հետ հաշվարկված է մինչեւ 2023 թվականի ամառ։
Ռոնալդուն 19 մրցաշրջան անընդմեջ հանդես է եկել Չեմպիոնների լիգայում։ Նա երբեք չի խաղացել Եվրոպայի լիգայում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա հաջորդ մրցաշրջանում։ Անցած մրցաշրջանում թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը Անգլիայի առաջնությնաը և չի կարողացել Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել:
Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է, Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող և 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն։