
Ադրբեջանի հրետակոծությունից վիրավորված ֆրանսիացի լրագրողներն «Էրեբունի» ԲԿ–ից ուղղաթիռով տեղափոխվեցին «Զվարթնոց» օդանավակայան։ Այնտեղից «Le Monde» պարբերականի երկու լրագրողները կմեկնեն Ֆրանսիա։ Այս մասին փոխանցում է armeniasputnik.am-ը:
Լրագրողների հետ զրույցում ֆրանսահայ բժիշկ Գևորգ Աբգարյանն ասաց, որ «Le Monde» պարբերականի լրագրող Ալան Կավալին վիրահատել են։ Վիրահատությունը հաջող է անցել։ Տղան արկի պայթյունի հետևանքով բեկորային վնասվածք էր ստացել, և բեկորներից մեկը որովայնում էր հայտնվել։ Աբգարյանը վստահեցրեց` Ալանի կյանքին վտանգ չի սպառնում, քանի որ բեկորը կենսական կարևոր օրգանները չի վնասել։
«Le Monde» պարբերականի լրագրող Ռաֆայել Շարլզ Յաղոբզադեն, որի վիճակն ավելի թեթև էր, լրագրողների հետ զրույցում պատմեց` դեպքը տեղի է ունեցել Մարտունիում, երբ գործընկերոջ հետ փորձել են նկարահանման գնալ։
«Առաջին օրն էր, որ եկել էինք Արցախ։ Ուզում էինք գնալ, զրուցել վիրավորների հետ։ Միշտ ուշադիր ենք արտակարգ իրավիճակ լուսաբանելիս և անպայման պատսպարվում ենք։ Սակայն այս դեպքում պայթյունը միանգամից եղավ, ու չհասկացանք` ոնց եղավ»,– ասաց Ռաֆայելը։
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական հրետակոծության տակ էին ընկել օտարերկրացի լրագրողները, որոնցից մեկին վիրահատեցին Մարտունիում:
Մանրամասները` տեսանյութում.