Չորս անհայտ անձանց կողմից Երևան քաղաքի Փափազյան փողոցում գործող ծրագրավորմամբ զբաղվող կազմակերպության գրասենյակի աշխատակիցներից զենքի ու դանակի սպառնալիքով հափշտակություն կատարելու վերաբերյալ նշված գրասենյակի ղեկավարի հաղորդման հիման վրա  նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հիշյալ գրասենյակի ղեկավարը և աշխատակիցը ճանաչվել են տուժող և հարցաքննվել: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն՝ մանրամասներ հայտնելով դեպքից.

Այսպես. Նախնական տվյալներով, 2022թ. հուլիսի 11-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, բժշկական դիմակներով դիմակավորված չորս անձինք մուտք են գործել նշված գրասենյակ և արտճանակի նմանվող առարկայի և դանակի գործադրմամբ սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ կպչուն ժապավեններով և պլաստմասե ամրաններով կապել են գրասենյակի ղեկավարի և աշխատակցի ձեռքերն ու բերանները, գցել գետնին և ծեծի ենթարկել՝ պահանջելով գումար: Այդ պահին ներս է մտել վերջիններիս ընկերը, ում ևս ծեծի են ենթարկել, որից հետո դիմել են փախուստի՝ հափշտակելով, նախնական տվյալներով, 2 հատ բջջային հեռախոս, ժամացույց, գրասենյակի ղեկավարի անձնագիրը, 70000 ՀՀ դրամ և 600 ԱՄՆ դոլար գումար, վարորդական վկայական, ոսկյա զարդեր, 2 հատ էլեկտրոնային կրիչ:

Վարույթի շրջանակներում կատարվել են դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են ատրճանակի նմանվող առարկա, կպչուն ժապավեն, պլաստմասե ամրաններ:

Վարույթն իրականացնող մարմնի որոշումներով՝ նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ, առգրավվել են դեպքի վայրին հարակից տարածքների անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: 

2066