Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը NewArmenia.am-ի հետ զրույցում, ադրադառնալով հարցին, թե ի՞նչ վիճակում է Թուրքիայի տնտեսությունն այսօր և որքա՞ն երկար կարող է Թուրքիան տարբեր երկրներում պատերազմել, այդ թվում՝ մասնակցություն ունենալ Արցախյան պատերազմում, ասաց. «Մասնագիտական վերլուծություններով Թուրքիայի տնտեսության վիճակը աղետալի է: Ըստ «Մուդիս» վարկանիշային կազմակերպության՝ Թուրքիայի տնտեսությունը գտնվում է աննախանձելի վիճակում՝ Ուգանդայի և Ռուանդայի իրավիճակում է»:

 

Վահագն Խաչատրյանի խոսքով՝ այս տարի Թուրքիայի արտարժույթը՝ լիրան ուղղակի գահավիժում է, տարվա ընթացքում գահավիժումը կազմել է 29 տոկոս, և աշխարհում նման տեմպով գահավիժող 3 արտարժույթ կա:

 

Ըստ տնտեսագետի՝ կատարվածը պայմանավորված է նրանով, որ Թուրքիայի ղեկավար Էրդողանը նաև անուղղակի ԿԲ նախագահի գործառույթն է կատարում, քանի որ ուղղակիորեն արգելում է ԿԲ-ին ինքուրույն քաղաքականություն վարել: «Արդյունքում Թուրքիայի արտարժույթը 2015 թ-ի նկատմամբ 3 անգամ արժեզրկվել է: Այսօրվա դրությամբ 1 ԱՄՆ դոլարը համարժեք է 7,77 լիրայի: Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բերել է անկման նոր թափի, քանի որ Թուրքիայի հիմնական եկամուտներից է տուրիզմը»,-նշեց տնտեսագետը՝ հավելելով. «Տարվա սկզբին Թուրքիայի արտաքին պահուստները եղել են 74 մլրդ դոլար, հիմա դրանք արդեն հասել են 44,9 մլրդ դոլարի: Եթե հաշվի առնենք, որ այդ գումարից 44 մլրդ-ը կոմերցիոն բանկերի գումարներն են, ստացվում է, որ Թուրքիայի արտաքին ակտիվները կազմում են ընդամենը 0,9 մլրդ»:

 

Այսպիսով՝ Թուրքիայի արտաքին առևտրի կշիռը, Խաչատրյանի խոսքով, այս տարի ավելի բացասական է, քան անցյալ տարի: «Այսինքն՝ ներմուծումն ավելի շատ է, քան արտահանումը, և արտաքին ակտիվները համարյա զրոյացվել են, ստացվում է թուրքիան ունի վճարունակության խնդիր: Որոշ ժամանակ անց այնպիսի իրավիճակում է հայտնվելու, որ անվճարունակ է դառնալու»,-նշեց տնտեսագետը:

 

Եթե դրան գումարենք, որ Թուրքիայի արտաքին պարտքը կազմում է 100 մլրդ դոլար, ապա այդ պայմաններում Էրդողանը կարիք ունի իր իմիջը փրկելու: «Որովհետև էրդողանը արդեն 17 տարի ղեկավարն է Թուրքիայի, իր հաջողությունները պայմանավորված են եղել միայն Թուրքիայի տնտեսական աճով, իսկ վերջին 4 տարիների ընթացքում Էրդողանի տնտեսական քաղաքականությունը անհաջողությունը անհաջողության վրա է գրանցում՝ պայմանավորված և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականությամբ: Օրինակ ԱՄՆ-ի պես երկիրը, որը 5 երկրի, այդ թվում Թուրքիային, արտոնություն էր տվել օգտվել ամերիկյան դոլարի կիրառությունից, Թուրքիային այս տարի հանել է այդ ցանկից»,-նշեց տնտեսագետը՝ հավելելով. «Այսօրվա Թուրքիայի գործողություններ մեջ կա տնտեսական ենթատեքստ. Որպեսզի տնտեսական անհաջողություններից շրջի հասարակության ուշադրությունը, ագրեսիվ արտաքին քաղաքականություն է վարում, որի արդյունքում մասնակցում է պատերազմին Արցախում: Ընտրությունների ժամանակ ձայներ ստանալու բազան չկա, քանի որ տնտեսական հաջողություներ չի կարողանում ապահովել»:   

 

Հարցին, թե ռազմական մասնակցության համար հնարավոր են տնտեսական սանկցիաներ Թուրքիայի դեմ, Վահագն Խաչատրյանն ասաց. «ԵՄ-ում արդեն քննարկում էր Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ Միջերկրական ծովում նավթի և գազի արդյունահանման աշխտանքներին մասնակցելու համար, սակայն վերջին պահին, մի քանի օր առաջ, հետ կանչեց իր նավերը»:

Միևնույն ժամանակ տնտեսագետը չի բացառում հնարավորությունը, որը Թուրքիայի քայլերը կարող են հասցնել այն բանին, որ տնտեսական սանկցիաներ կիրառվեն:

 

Վահագն Խաչատրյանի խոսքով՝ նույնը վերաբերում է նաև Ադրբեջանին: «Ադրբեջանի տնտեսության անկումը հիմնականում պայմանավորված է այս տարի նավիթ համաշխարհային շուկայում արժեզրկման գործոնով, նաև կորոնավիրուսի գործոնով, ինչ արդյունքում չի կարող իրականացնել ծրագրերը, որոնք պլանավորել էր: «Որպեսզի կարողանա ժողովրդի ուշադրությունը շեղել սոցիալական վատթարացող վիճակից ու չիրագործված ծրագրերից, պատերազմը Ալիևի համար փրկություն էր»,-եզրափակեց նա:

362