
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և նախարարության Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը աշխատանքային այցով մեկնել են Մոսկվա՝ «ՊրոդԷքսպո 2022» սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին հայ արտադրողների կողմից ներկայացված «միասնական հայկական տաղավարի» աշխատանքներին ծանոթանալու նպատակով։
Մոսկվայում իրականացվել է «Հայկական գինու օրեր» միջոցառումը, և ազգային միասնական տաղավարով ներկայացվել են 24 ընկերությունների հայկական գինիները: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը:
Նա նշեց, որ սա հնարավորություն էր հայկական ընկերությունների համար՝ ներկայացնելու իրենց արտադրանքը և առաջարկներ ստացան՝ ընդլայնելու իրենց տեսականին և քանակները:
«Ռուսաստանի շուկայում մենք ճանաչված ենք որպես կոնյակ արտադրող երկիր, և իրենց համար հետաքրքիր էր բացահայտել հայկական գինիները և նոր առաջարկներ ներկայացնել»,- ասաց նա:
Զարուհի Մուրադյանը հույս հայտնեց, որ դեպի ՌԴ գինու արտահանման աճ կունենանք և ներկայացնում ենք հայկական գինեգործության վերածնունդը: Նա նշեց, որ ներկայումս հարյուրից ավելի գինի արտադրող ընկերություններ ունենք և շեշտը դրվում է որակի վրա:
«Մենք զուգահեռ նաև իրականացնում ենք ներքին շուկայում գինու սպառման ծրագրեր, քանի որ վերջերս իրականացված հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ մենք դեռ օղի խմող ժողովուրդ ենք, և ուզում ենք ցույց տալ սպառողներին, որ ունենք գինու լավ շուկա»,- ասաց նա:
Չնայած ոլորտի զարգացմանը՝ հիմնադրամի տնօրենը նկատեց, որ արտադրողներն ունեն խնդիրներ, կան խոչընդոտներ, և դա միայն ռուբլու հետ կապված չէ, քանի որ որոշ ընկերություններ վերանայել են իրենց պայմանագրերը: «Բացի այդ, ունենք բեռնափոխադրման խնդիր, տրանսպորտն է թանկացել, Լարսի հետ կապված կան ժամկետների ուշացումներ, և ընկերությունների համար տույժ-տուգանքները բավականին մեծ ֆինանսական բեռ են»,- ասաց նա և հայտնեց, որ այդ խնդիրների լուծման համար արտադրողների հետ հանդիպում են ունեցել, և պետք է նախարարության հետ քննարկումներ իրականացվեն:
Նա նշեց, որ լոգիստիկ խնդիրների հետ կապված՝ դրսի շուկայում հայկական գինին էժան ու բավականաչափ ճանաչելի չէ, և պետք է աշխատանք տարվի այդ ուղղությամբ: