
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին՝ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը նշել է, որ ժ 2022 թվականի փետրվարից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը փաստացի չի գործում, ինչը պայմանավորված է Ռուսաստան-Արևմուտք հակամարտությամբ։ Բայց, ըստ Մարուքյանի, դա չի վերաբերում միայն կոնկրետ ԵԱՀԿ Մինսկի խմբին, այլ նաև բոլոր այն կաույցներին, որոնցում ներառված են Ռուսաստանը և Արևմուտքը․ «Չնայած դե ֆակտո կառույցը այս պահին չի գործում, բայց դե յուրե այն կա և Հայաստանը ջանքեր է գործադրում այն նորից ակտիվացնելու ուղղությամբ», վստահեցրել է Էդմոն Մարուքյանը։
Անդրադառնալով տարածաշրջանում ռուսական դերակատարմանը՝ Մարուքյանը նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը զբաղված է այլ տարածաշրջանում, բայց նրա համար պակաս կարևորություն չի ներկայացնում նաև մեր տարածաշրջանը։ Մարուքյանը նշել է, որ այս պահին դեռևս վաղ է խոսել խաղաղապահների 5-ամյա ժամկետի ավարտի կամ դրանից հետո հնարավոր գործընթացների մասին ու հավելել, որ քանի դեռ կոնֆլիկտը լուծված չէ՝ անպատկերացնելի է մի իրավիճակ, որ Լեռնային Ղարաբաղը կարող է մնալ առանց խաղաղապահների․«Բոլոր այն մարդիկ, ովքեր պնդում են, թե, օրինակ, 3 տարի հետո Ադրբեջանը կարող է պահանջել, որ ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, թող նայեն ՌԴ նախագահ Վլ․Պուտինի այն ելույթը, որում վերջինս խոսում էր Արցախ խաղաղապահ առաքելություն ուղարկելու անհրաժեշտության հիմքերի մասին։ Եթե կա առաջընթաց ու այդ հիմքերը վերացել են՝ նոր կարելի է խոսել խաղաղապահ զորքերի դուրսբերման մասին»։
Խոսելով խաղաղության դարաշրջանի մասին՝ Մարուքյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է խաղաղություն, փորձում է նորմալացնել հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, բայց դա պայմանավորված չէ միայն Հայաստանի ցանկությամբ՝ հավելելով, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի բոլոր սցենարներին՝ այդ թվում նաև նրան, որ խաղաղության հասնելու մեր ջանքերը կարող են որևէ արդյունք չտալ։
Մարուքյանը հերքել է այն խոսակցությունները, թե Հայաստանը փորձում է երկու աթոռի վրա նստելու քաղաքականություն վարել․«Մենք լինելով ՀԱՊԿ անդամ երկիր՝ շարունակում ենք տարբեր հարցերով համագործակցություն պահպանել այլ երկրների հետ։ Եթե մենք, օրինակ, լավ հարաբերություններ ունենք ԵՄ երկրներից մեկի հետ, դա չի նշանակում, որ այդ ամենն արվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին։ Հայաստանն ունի իր ազգային-պետական շահերը և գործում է դրանց համապատասխան»։
Մարուքյանը խոսել է նաև Ռուսաստանի դեմ կիրառված սանկցիաները Հայաստանի վրա տեղափոխվելու ենթադրյալ սցենարի մասին՝ նշելով, սակայն, որ այդպիսի վտանգ չի տեսնում․«Ես կարող եմ բերել մի օրինակ, երբ 2 շաբաթ առաջ գտնվում էի Բրյուսելում ու ինձ ասեցին, որԱրևելյան գործընկերության երկրների շարքում Հայաստանը լուրջ առաջընթաց ունի՝ մի քանի ցուցիչներով առաջ անցնելով նաև այն երկրներից, որոնք ԵՄ անդամ դառնալու կարգավիճակ են ստացել։ Հայաստանը առաջին տեղում է ժողովրդավարական բարեփոխումների, քաղաքական բազմակարծության, ինչպես նաև խոսքի և մամուլի ազատության հարցերում։ Այսքանից հետո դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ Հայաստանը կարող է հայտնվել սանկցիաների տակ»։
Էդմոն Մարուքյանը անդրադարձել է նաև Ադրբեջանին կողմից Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտումներին՝ ընդգծելով, որ Ադրբեջանում մինչև այս պահը ապօրինաբար շարունակվում են պահվել պաշտոնապես հաստատված 38 ռազմագերիներ, որոնց թիվն իրականում ավելի մեծ է։