Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Վարդենիսի բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնի հիվանդանոցային և պոլիկլինիկական ծառայություններ մատուցող մասնաշենքերում ծանոթացել է աշխատանքային պայմաններին, վերջին մեկ տարվա տեխնիկական վերազինումներին և նորոգման աշխատանքներին, շրջել բաժանմունքներում, հիվանդասենյակներում, զրուցել բուժանձնակազմի հետ։

Վերջին տարիների ընթացքում Վարդենիսի հիվանդանոցում բարելավվել են վիրաբուժական, գինեկոլոգիական, ռենտգեն հետազոտության, պոլիկլինիկայում` ակնաբուժական ծառայությունները։ Տարբեր բարեգործական ծրագրերի միջոցով կամ տնտեսված միջոցների հաշվին որոշակիորեն բարելավվել են նաև շենքային ու աշխատանքային պայմանները, սակայն որակյալ բուժծառայությունների մատուցման համար արդեն միավորված բուժհաստատությունը պետք է արմատապես վերազինվի նորագույն բուժսարքավորումներով, ունենա շենքային բարձրակարգ պայմաններ, համալրվի որակյալ բժիշկ մասնագետներով, նեղ մասնագիտական նոր ծառայություններով։

«Ամփոփելով աշխատանքային այցի արդյունքները` հավաստիացնեմ, որ շատ շուտով կկարգավորվեն բոլոր խնդիրները, Վարդենիսը պետական հոգածությամբ կունենա արդի չափորոշիչներին համապատասխան բժշկական կենտրոն` հագեցած բժշկական նորագույն սարքավորումներով, շենքային պայմաններով և որակյալ բժիշկներով։

Այժմ փորձաքննություն է ընթանում Վարդենիսի հիվանդանոցի շենքի սեյսմակայունության վիճակի շուրջ։ Եթե փորձաքննությամբ հաստատվի, որ շենքն ունի բավարար սեյսմակայունություն, ապա մենք կանգ կառնենք հիվանդանոցի կապիտալ նորոգման և վերազինման տարբերակի վրա, իսկ եթե պարզվի, որ շենքի սեյսմակայունությունը չի բավարարում, ուրեմն կձեռնարկվի նոր շենքի կառուցումը նույն հիվանդանոցի տարածքում, որը կունենա բուժծառայությունների մատուցման ամենաժամանակակից պայմաններ»,- նշել է մարզպետը։

212