Երևանի գրադարաններում պահպանվող գրքերի մեծ մասը սերնդեսերունդ փոխանցվում է արդեն մի քանի տասնամյակ: Դրանց մի մասն արդեն, ցավոք, հնարավոր չէ վերականգնել:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ համայնքային միջոցներով գրադարանները համալրվում են նոր գրքերով: Ընդհանուր առմամբ՝ 262 անուն 7400 կտոր գիրք:

«Վերջին 10 տարվա ընթացքում մեր գրադարաններում համայնքի կողմից նոր գրքեր ձեռք չեն բերվել: Գրքերի համալրմամբ, կարծում եմ՝ գրադարանային կյանքը կաշխուժանա: Սա առաջին քայլն է: Առաջիկայում նոր փոփոխություններ կունենանք գրադարանային ոլորտում: Պետք է փոխենք միջավայրը, որպեսզի մեր երեխաներն ու մեծահասակները ձգտեն դեպի գրադարաններ»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:

Նոր գրքերը երևանյան հրատարակչությունների աշխատանքներն են՝ նկարազարդումներից մինչև տպագրություն: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի հետ այցելել է հրատարակչություններ, ծանոթացել տպագրության ընթացքին և գրադարաններին փոխանցվող գրականությանը:

«Այս տարի մոտ 20 մլն դրամ է հատկացվել, որպեսզի համայնքային ենթակայության 19 գրադարանների համար ձեռք բերվեն նոր գրքեր: Կարծում եմ, այս ծրագիրը պետք է շարունակական լինի: Հաջորդ տարի ևս կնախատեսենք միջոցներ»,- նշել է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Գրքերն ընտրվել են՝ հաշվի առնելով ընթերցողների պահանջմունքը. հայ և արտասահմանյան դասական հեղինակներից մինչև դպրոցական ծրագրային և ժամանակակից գրականություն:

Սերը գրքի հանդեպ պետք է սերմանել մանկուց: Ամենակրտսեր ընթերցողներին գրավում են նոր, գունեղ ու ինտերակտիվ գրքերը: Գրադարաններում, ցավոք, դրանք շատ չեն: Քաղաքապետարանն այստեղ խնդրի լուծումը տեսնում է ոչ միայն գրադարանների համալրմամբ: «Կաշխատենք, որ մանկապարտեզներում նույնպես գրքերի համալրում լինի՝ կրթական բնույթի: Այսպիսով մենք մի քանի խնդիր կլուծենք, նախ՝ կկրթենք մեր սաներին և միաժամանակ կաջակցենք հրատարակչություններին»,- նշել է քաղաքապետը:

Գրքասերներին առաջիկայում սպասում են մի շարք նոր ու հետաքրքիր նախագծեր, նոր գրքերի հրատարակում: Քաղաքային իշխանությունը, գրքային ֆոնդի համալրմանը զուգահեռ, նախատեսում է գրադարանների արդիականացման ծրագիր: Գրադարանները կդառնան տեղեկատվական և մշակութային կենտրոններ:

«Մենք արդեն իսկ ունենք մշակած ռազմավարություն, որով շարժվելու ենք առաջ և թարմացնելու ենք մեր համայնքային գրադարանների թե՛ գրքային ֆոնդը, թե՛ կահույքը, միջավայրը և դարձնելու ենք ժամանակակից կենտրոններ, որտեղ երիտասարդները կկարողանան ժամանակ անցկացնել»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը:

Քաղաքային գրադարանները երևանյան մշակութային կյանքի յուրահատուկ մասնիկն են: Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ քաղաքապետարանը մտադիր է մեծացնել ընթեցողների հոսքը դեպի համայնքային գրադարաններ:

213