Կանադացի գիտնականները հայտնաբերել են վեց գեն, որոնց վրա ազդելով կարելի է բուժել անոսմիան՝ վերականգնել COVID-19-ով հիվանդանալու հետեւանքով հոտառության կորուստը,- գրում է «Իզվեստիան»։ Հայտնաբերված գեներից յուրաքանչյուրի աշխատանքը շտկելու համար արդեն կան դեղամիջոցներ, ուստի հիմնվելով դրանց վրա կարելի է արագ դեղամիջոց մշակել։

«Անոսմիայի բուժման նոր մեթոդների հայտնաբերումը և դրանց ներդրումը կլինիկական պրակտիկայում կարող են տևել տասնամյակներ, և թերապևտիկ թիրախի օգտագործումը, որի համար արդեն իսկ ապացուցված դեղամիջոց կա, կարող է զգալիորեն նվազեցնել այդ ժամանակահատվածը», - նշել են գիտնականները հոդվածում` հիմնվելով իրենց աշխատանքների արդյունքների վրա։ Բժշկության համար COVID-19-ից հետո անոսմիայի բուժման եղանակները կարևոր են, քանի որ «հոտառության մարզումներով» և վիտամիններով թերապիան կարող է բավարար չլինել, ասում է «Գուտա կլինիկ»-ի նյարդաբան Ալեքսանդրա Տոլստենևան։ Հոտառության կորուստը Պարկինսոնի հիվանդության, Ալցհեյմերի հիվանդության, դեմենցիայի, ուղեղի տրավմատիկ վնասվածքների, ուռուցքների հետևանքների ուղեկցող ախտանիշ է, ընդգծել է փորձագետը։

Հետևաբար, առաջարկվող մեթոդը նոր հնարավորություններ է բացում թերապիայի ոլորտում: Միևնույն ժամանակ, նպատակային գեները կարող են օգտագործվել նաև այլ հիվանդությունների, օրինակ՝ միզապարկի քաղցկեղի բուժման համար,- հավելել է ՌԴ գիտությունների ակադեմիայի Ուրալի մասնաճյուղի իմունոլոգիայի և ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող Միխայիլ Բոլկովը։ Այնուամենայնիվ, այլ փորձագետներ նշել են, որ ուսումնասիրությունը կառուցվել է միայն մաթեմատիկական մեթոդների հիման վրա, ուստի դեռ վաղ է եզրակացություններ անել:

879