Հուլիսի 27-ին ոստիկանության Իջևանի բաժնում ստացվեց հաղորդում, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ 83-ամյա մի տղամարդ անհետ կորել է: Ձեռնարկվեցին անհետաձգելի միջոցառումներ` նրան հայտնաբերելու ուղղությամբ: Անօգուտ:
Ներկայացնում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Այվազյանը. «Հաղորդման հաջորդ օրը Տավուշի մարզային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով: Կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ, որոնց ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը, առավոտյան ժամը 7-ի սահմաններում, տուժողի տան դիմացի փողոցում նկատվել է «Օպել» մակնիշի արծաթագույն մեքենա, և այդ ընթացքում հարևանությամբ ապրող բնակիչները տուժողի տան կողմից լսել են տարօրինակ ձայներ, սակայն ուշադրություն չեն դարձրել՝ մտածելով, որ տուժողի այգում աշխատող բանվորներն են եկել, որ միասին գնան այգի:
Կատարվել է դեպքի վայրի զննություն: Պարզվել է, որ տուժողի տան դիմաց տեղադրված տեսախցիկի ուղղությունը շեղված է եղել, ինչից հետո ավելի հիմնավոր է դարձել այն վարկածը, որ տուժողը ոչ թե տնից դուրս է եկել ու գնացել անհայտ ուղղությամբ, այլ տեղի է ունեցել հանցագործություն»:
Անձի անհետացման հանգամանքները պարզելու գործին լծվեցին նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, և դեպքից երկու օր անց ստացան տեղեկություն, որ այդ օրը` հուլիսի 27-ի առավոտյան, 83-ամյա տղամարդուն իր տան մոտից առևանգել են:
Առևանգման վարկածն արդեն շրջանառվում էր Քրեական ոստիկանությունում, արդեն իսկ անլուր հսկողություն էր իրականացվում, ինչի արդյունքում էլ պարզվեց, որ անհետ կորածի հարազատները բջջային հավելվածի միջոցով ստացել են հաղորդագրություն, որի մեջ առաջարկվում էր պատանդ վերցված անձին գումարի դիմաց ազատ արձակել: Հետո պարզվեց, որ իրավապահները գործ ունեն մանրակրկիտ կազմակերպված և առավելագույն զգուշավորությամբ իրականացվող շորթման հետ:
Հանցագործության բացահայտման գործին միացան Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները, որոնց գործողություններից պարզ դարձավ, որ կատարվածը անդրսահմանային կազմակերպված հանցագործություն է:
Ներկայացնում է կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Արմեն Աբրահամյանը. «Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ հանցագործները, հետքերը թաքցնելու նպատակով, պատանդի հարազատների հետ կապվել են ուկրաինական հեռախոսահամարով գրանցված Whatsapp հավելվածի միջոցով, ընդ որում` հաղորդակցության ողջ ընթացքում օգտագործել են VPN ծառայություններ: Ուկրաինայի կիբեռոստիկանության գործընկերների միջոցով արագ հաջողվեց պարզել, որ նշված հեռախոսահամարը գրանցված չէ իրենց բջջային օպերատորների կողմից:
Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հեռախոսահամարը ձեռք է բերվել վիրտուալ հեռախոսահամարների վաճառքի կայքից: Կարողացանք պարզել նաև, որ այդ հեռախոսահամարով Whatsapp հավելվածին հասանելիությունը ստացվել է ԻԻՀ տարածքից»:
Վերջին տեղեկությունը ենթադրում էր ակտիվ միջազգային համագործակցություն: Հաշվի առնելով հարցի կարևորությունը` գործին միջամտեց նաև Հայաստանի ոստիկանության ղեկավարությունը: Առանց բացելու որոշ փակագծեր` ասենք, որ բացահայտման ճանապարհին մեր ոստիկանները ակտիվ և արդյունավետ համագործակցեցին ոչ միայն Ուկրաինայի համապատասխան կառույցների, այլև ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի համակարգչային հանցագործությունների և մտավոր սեփականության սեկտորի և Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության հետ:
Ուսումնասիրելով և վերլուծելով արդեն իսկ ձեռք բերված տեղեկությունները` որոշում կայացվեց համագործակցությունը կազմակերպել ամենաբարձր մակարդակով: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հրավիրվեց ոստիկանություն, ու նաև նրա ջանքերի շնորհիվ հանցագործության բացահայտման հարցում միջազգային համագործակցությունն ամենաբարձր մակարդակի էր բոլոր առումներով:
ԻԻՀ կիբեռոստիկանությանը և Թեհրանում Ինտերպոլի ծառայողներին փոխանցվեցին բավարար տեղեկություններ` հաղորդագրությունները ուղարկող անձանց ինքնությունը պարզելու համար: Իրանի գործընկերները կարճ ժամանակում հայտնաբերեցին և ձերբակալեցին նրանց:
Առգրավված համակարգչային տեխնիկայի զննությամբ գտնվեց նաև Հայաստանում առևանգված անձի ազգականների հետ ունեցած նամակագրությունը: Ավելին, Իրանի իրավապահները պարզեցին Հայաստանից հաղորդագրությունը ուղարկած անձի ինքնությունը, որը Իջևանի բնակիչ էր, 37-ամյա մի տղամարդ:
Մնում էր լուծել տեխնիկական հարցեր, ստեղծել ապացուցողական ամուր հիմք:
Ներկայացնում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Այվազյանը. «Նախաքննության ընթացքում քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից ստացվեց տեղեկատվություն, որ հանցագործությունը կատարել են Տավուշի մարզի բնակիչներ: Այդ վարկածները հիմնավորելու ուղղությամբ կատարվեցին լայնածավալ քննչական և դատավարական գործողություններ, առգրավվեցին տարբեր տեսագրող սարքերի տեսագրություններ, բջջային օպերատորներից ստացվեցին հանցագործությանն առնչվող անձանց կողմից օգտագործված հեռախոսահամարներն ու հեռախոսների տեղեկատվությունը, կատարվեցին բազմաթիվ անձանց հարցաքննություններ, ինչպես նաև ստացված տեղեկատվության և առգրավված տեսագրությունների զննություններ, որոնց համատեղմամբ հիմնավորվեց, որ հանցագործությանն առնչվում են ոստիկանության կողմից նշված անձինք»:
Ու թեև այս ընթացքում, իրավապահների գործողություններին անտեղյակ, պատանդի հարազատները գործում էին շորթողների թելադրանքով, Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում արդեն ուրվագծվել էր հանցագործության ողջ պատկերը:
Շորթման կազմակերպիչներից երկուսն իջևանցի էին` 37-ամյա և 25-ամյա տղամարդիկ: Ներգրավված էին նաև այլ անձինք, որոնց վերաբերյալ տեղեկություն տրամադրելն առայժմ նպատակահարմար չէ:
Հետքերը թաքցնելու նպատակով շորթողներն, ամեն մի նոր քայլ ձեռնարկելիս, փոխել էին ավտոմեքենաները: Հուլիսի 27-ի առավոտյան 83-ամյա տղամարդուն առևանգել և աչքերը կապած տեղափոխել էին արծաթափայլ «Օպել» մակնիշի մեքենայով, դաշտամիջյան ճանապարհներով:
Այս ընթացքում պատանդին նստեցրել էին 37-ամյա տղամարդու աներոջ անունով հաշվառված «Տոյոտա Պրադոն», որով էլ հասցրել էին Լոռու մարզի Ծաթեր գյուղ, որտեղ պատանդին պահելու համար նախօրոք վարձակալել էին հյուրատուն: Արտաքին աշխարհից ու կապի միջոցներից զրկված` նրան պահել էին հսկողության տակ, նույնիսկ ջուրն ու կերակուրը փոխանցել էին դիմակավորված: Պարզվեց նաև, որ նրան ազատ արձակելու դիմաց գումարը պահանջել են կրիպտոարժույթով: Փրկագինը կրիպտոարժույթով պահանջելը նույնպես ուներ հետքերը թաքցնելու նպատակ, ինչը նույնպես արգելք չեղավ իրավապահների համար: Հաջողվեց պարզել կրիպտոարժույթի դրամապանակի տիրոջ ինքնությունը, որը ԻԻՀ իրավապահների կողմից արդեն իսկ ձերբակալվածներից մեկն էր:
Տուժածի հարազատներն այդ ընթացքում շարունակում են վիրտուալ շփումները շորթողների հետ և, ի վերջո, համաձայնության գալիս:
Ներկայացնում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Այվազյանը. «Հանցագործները պահանջ են ներկայացրել 3 միլիոն դոլար փոխանցել իրենց կողմից նշված կրիպտոարժույթի դրամապանակին: Սակայն բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 200 հազար դոլարի շուրջ, որը պետք է վճարվեր մաս-մաս: 20 հազար դոլար ստանալուց հետո տուժողին ազատ են արձակել՝ պայմանով, որ մնացած գումարը պետք է վճարեն տուժողին ազատ արձակելուց հետո: Տուժողի հարազատները ևս 20 հազար դոլար են փոխանցել հանցագործների նշած դրամապանակին»:
Օգոստոսի 2-ին Երևանի Գյուլբենկյան փողոցից շորթողները վերցնում են մտերիմներից մեկի «Հունդաի Սոնատան» և դրանով ուղևորվում Ծաթեր գյուղ: Ճանապարհին կարճ կանգառ են ունենում խանութի մոտ:
Հասնելով Ծաթերի հյուրատուն` պատանդին այդ նույն մեքենայով, դարձյալ աչքերը փակ, տեղափոխում են Տավուշի մարզի Հովք գյուղի մոտակա տարածք և բաց թողնում: Դարձյալ համացանցով` Հայաստան-Իրան-Հայաստան կապով հարազատներին հայտնում են 83-ամյա տղամարդուն բաց թողնելու տեղը, որտեղ էլ հարազատները գտնում են նրան:
Օգոստոսի 11-ին արդեն ամեն ինչ կար` բացահայտման գործն ավարտին հասցնելու համար: Ժամը 16-ի սահմաններում, բոլորովին այլ մեքենայով ուղևորվելիս, ոստիկանները շորթողներին կանգնեցնում են, ձերբակալում և ներկայացնում են նախաքննական մարմնին:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ հանցագործության բոլոր հանգամանքները, հանցավոր խմբի մյուս անդամների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում հանցագործությանը մասնակից անձանց գործողությունները պարզելու, տուժողի հարազատներին պատճառված վնասը փոխհատուցելու ուղղությամբ:
Հ.Գ. Հայաստանի ոստիկանությունը բարձր է գնահատում միջազգային գործընկերների օգնությունը, և ոչ միայն այս կոնկրետ դեպքի բացահայտման գործում: Հայաստանի ոստիկանությունը վստահ է, որ բարեկամ երկրների ոստիկանական կառույցների հետ ձևավորված սերտ համագործակցությունն այլընտրանք չունի, և համագործակցության այս օրինակելի դրվագը կլինի ոչ թե բացառիկ պատահականություն, այլ սովորական օրինաչափություն: