Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որում ասված է.

«Սիրելի աշակերտներ, ուսանողներ, հարգելի մանկավարժներ և ծնողներ,

Շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:

Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկ յուրովի առանձնահատուկ ու պարտավորեցնող է բոլորիս համար: Արդի փոփոխությունների ժամանակաշրջանում գիտելիքն ու կրթությունն են այն հիմնական հենասյուները, որոնցով մարդը, հասարակություններն ու պետությունները պետք է կարողանան հաղթահարել ամենատարբեր մարտահրավերներն ու խնդիրները:

Սիրելի՛ առաջին դասարանցիներ և առաջին կուրսեցիներ, առանձնահատուկ ուզում եմ ձեզ մաղթել խաղաղ ընթացք ձեր կյանքի այս նոր փուլում, որտեղ պետք է սովորեք, գիտելիք ու փորձ ձեռք բերեք և հարստացնեք մեր հանրության մտավոր ներուժը, որը ոչ միայն մեր պետության զարգացման ու հզորացման առաջնային գրավականներից մեկն է, այլև մեր հասարակության ու քաղաքացիների բարեկեցության նախապայմանը:

Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ հղում նաև բոլոր ուսուցիչներին և պրոֆեսորադասախոսական կազմին, մաղթում հաջողություններ ձեր բարդ և պատասխանատու աշխատանքում: Ձեր ուսերին են դրված ոչ միայն զուտ աշխատանքային կամ մասնագիտական պարտականությունները, այլև սերունդներին որակյալ կրթություն տալու շնորհիվ գիտակից և արժանապատիվ քաղաքացի ձևավորելու պատասխանատվությունը: Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, մի՛ մոռացեք, որ գիտելիքը ձեր ապագան է, ճանապարհը դեպի մեծ կյանք։ Այն ձեզ հնարավորություն կտա գտնել ձեր տեղը ժամանակակից աշխարհում, դառնալ մեր երկրի արժանավոր քաղաքացիներ և հայրենասերներ։

Սիրելի՛ հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ»:

197