Համակարծիք եմ, որ բուհական մասնագիտությունների ցանկը շատ խայտաբղետ է: Այս մասին այսօր Ազգային ժողովում հանձնաժողվի նիստին քննարկման ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով բուհերի խնդիրներին:
«Դա է պատճառներից մեկը, որ նույնիսկ այնքան շատ է, որ չեն կողմնորոշվում՝ ով որտեղ ընդունվի, և որոշ մասնագիտություններով ընդհանրապես 0 ընդունելություն է, նույնիսկ պետպատվեր տեղեր են թափուր մնում, որովհետև խճճվել են, շատ է մանրացված»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ իրականում չկա որևէ պետպատվեր: «Պետպատվեր գոյություն չունի, ուղղակի մենք պետք է ունենանք տեղեր, որի համար վճարում է պետությունը, և տեղեր, որի համար վճարում է ուսանողը»,- նշեց նա:
Վահրամ Դումանյանն ասաց, որ այլ հարց է, թե ինչու պետք է պետությունը վճարի և ինչու այսքան կամ այնքան տեղ վճարի: Նա նշեց, որ սրանք նուրբ հարցեր են, և թեպետ քննարկումներ եղել են, բայց ըստ նրա՝ այդ խնդիրը լուծված չէ, սակայն աշխատանքներ տանում են: «Մենք պետք է տնտեսությունից պատվեր ստանանք և փոխանցենք բուհերին: Բուհը ինքնավար կառույց է, ինքը իր մասնագիտությունները պետք է որոշի, պետությունը չպետք է խանգարի բուհին, այլ խնդիր է, որ նախարարությունը կարող է վարել ֆինանսավորման մեխանիզմներով քաղաքականություն, թե որտեղ տրվեն անվճար տեղեր»,- ասաց նա: