
ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահն ընդունել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Միշել Փազումյանին և Սյունիքի մարզի ծրագրի համակարգող Դավիթ Ալեքսանյանին։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Ջրային կոմիտեի նախագահի տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանը և Կարեն Դաղբաշյանը։
Ողջունելով հիմնադրամի ներկայացուցիչներին՝ նախագահ Վահագն Գևորգյանը բարձր է գնահատել հիմնադրամի առաքելությունը մեր երկրում և պատրաստակամություն հայտնել շարունակելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ համագործակցությունը։
Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրենների խորհուրդի անդամ Միշել Փազումյանն իր հերթին նշել է, որ Հիմնադրամի ուշադրության կենտրոնում է Հայաստանի ջրային ոլորտը։
Հիմնադրամի կողմից կատարվել են ուսումնասիրություններ Սպանդարյանի ջրամբարից դուրս եկող ջրանցքում և նախնական հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ ջրանցքն ունի վերակառուցման անհրաժեշտություն։
Միշել Փազումյանը նշել է, որ Հիմնադրամն իր պատրաստակամություն է հայտնում օժանդակել այս ծրագրի անխափան ու արդյունավետ ընթացքին և անել հնարավոր ամեն բան այն իրագործելու համար։
«Հիմնադրամի կողմից ներկայացվող առաջարկի շրջանակներում կստեղծվի աշխատանքային խումբ, որի կազմում կընդգրկվեն աշխատակիցներ թե՛ Ջրային կոմիտեի աշխատակազմից, թե՛ Հիմնադրամի կողմից առաջարկված մասնագետներից»,- ամփոփել է նախագահը՝ անդրադառնալով Հիմնադրամի կողմից առաջարկվող համագործակցությանը։