ՄԱԿ-ի 77-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած ընդհանուր քննարկման ժամանակ իր ելույթում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ չնայած տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին, Թբիլիսին ջանք չի խնայի հարևանների հարաբերությունները կարգավորելու համար։ Որպես օրինակ Ղարիբաշվիլին նշել է Վրաստանի միջնորդությամբ 15 հայ ռազմագերիների վերադարձը, որը տեղի ունեցավ Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզներ հանձնելու դիմաց։

 Այս մասին տեղեկանում են Aliq.ge-ից:

Նրա խոսքով՝ Վրաստանը պատրաստ է դիտարկվել որպես երկխոսության կենտրոն՝ տարածաշրջանում անհրաժեշտ խաղաղություն և կայունություն հաստատելու համար։

«Այս տարվա հուլիսին Թբիլիսիում հյուրընկալել ենք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին։ Մենք պատրաստ ենք դառնալ երկխոսության կենտրոն, որպեսզի հարավկովկասյան տարածաշրջանում հաստատվի անհրաժեշտ խաղաղությունն ու կայունությունը։

Այս մտադրությամբ Վրաստանը խթանում է խաղաղ հարևանության նախաձեռնությունը, որը ներառում է Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունների մասնակցությունը։ Այն չի փոխարինում, չի հակասում կամ հակադրում համագործակցության այլ ձևաչափերին: Փոխարենը Վրաստանը հույս ունի լինել ազնիվ միջնորդ, որը կօգնի կարգավորել տարածաշրջանային հարաբերությունները»,-ասել է վարչապետը։

699