Այս տարվա մայիսից սկսած 475 ուսուցիչ, որոնք անցել են կամավոր ատեստավորում,  ստանում են  հավելավճարներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կառավարության նիստում ասաց փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

Նրա խոսքով` այս պահին արդեն ընթանում է կարգի երկրորդ փուլը և հոկտեմբեր ամսից  նոր դիմորդները կստանան հավելավճարները:

«Այս պահին հնարավորություն կա մասնակցելու կամավոր ատեստավորմանը 5-12-րդ դասարանների բոլոր ուսուցիչների համար, իսկ գալիք տարվանից արդեն բոլոր ուսուցիչները հնարավորություն կունենան մասնակցելու»,- ասաց նա:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց, որ  ներկայումս ընթանում է կամավոր ատեստավորման երկրորդ փուլը:

«Ուսուցիչները ատեստավորման են եկել նույնիսկ Սյունիքի , Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերում: Վերջին գործընթացները տեղի կունենան այս շաբաթ և կիրակի օրերին: Մեզ այս փուլի համար 4000 ուսուցիչ էր դիմել: Այս պահին արդեն ավելի քան 1500 ուսուցիչ մասնակցել է գործընթացին և հոկտեմբերի 1-2-ի փուլերից հետո մենք կունենանք վերջնական տվյալները»,-ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ ուսուցիչների վարձատրության  նվազագույն ավելացումն ատեստավորման դեպքում  200 հազար դրամ է  գումարած 30 տոկոս` մեկ դրույքի դեպքում: 

326