
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը հերքել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին տեղեկությունը։
Կիրակի օրը մարզիկի Twitter-ում գրառում է հայտնվել․ իսպանացու անունից հրապարակվել են խոսքերը. «Հուսով եմ, որ դուք ինձ հարգում եք, ես գեյ եմ։ Ուրախ կիրակի բոլորին»:
Դրանից հետո Կասիլյասը ջնջել է գրառումը։ Ավելի ուշ նախկին ֆուտբոլիստը բացատրել է իրավիճակը՝ հայտնելով, որ կոտրել են իր հաշիվը։
«Ցավոք, իմ հաշիվը կոտրել են։ Հիմա ամեն ինչ լավ է։ Ներողություն եմ խնդրում իմ բաժանորդներից։ Եվ, իհարկե նրանցից, ովքեր վիրավորվել են այս խոսքերից»,- գրել է Կասիլյասը։
Իր կարիերայի ընթացքում դարպասապահը «Ռեալի» հետ երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։ Նա նաև դարձել է աշխարհի գավաթի հաղթող և Իսպանիայի հավաքականի կազմում երկու անգամ նվաճել Եվրոպայի առաջնության գավաթը։