Ռասիզմի և հակասեմականության դեմ պայքարի միջազգային լիգան (Licra) հայտարարություն է տարածել՝ կոչ անելով արձագանքել Հայաստանի դեմ Ադրբեջանի անարդար ագրեսիային։

«Միջազգային հանրությունը և հատկապես Եվրամիության անդամ երկրներն այլևս չպետք է լռեն Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի ուժերի կողմից՝ իր թուրք դաշնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղսակցությամբ այսօր Հայաստանի և հայերի դեմ իրականացված հանցագործությունների մասին։

Ի հավելումն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող տարածաշրջանային քաղաքական նախագծի, մենք նշում ենք, որ երկու տարի առաջ, մինչ Հայաստանի տարածքը գրոհելը, ադրբեջանական զորքերը հայատյացության դրդմամբ հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի վրա։ Նրանք պատերազմ են վարում, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի օկուպացիան է, այս տարածաշրջանի հայերի մշակույթի, լեզվի ու պատմության բոլոր հետքերի ոչնչացումը։ Դիտարկվել են թալան և խաղաղ բնակիչների սպանություններ։

Ողջունելով դեպքի վայր դիտորդներ ուղարկելու Եվրամիության որոշումը՝ Licra-ն կոչ է անում անդամ երկրներին և նրանց քաղաքացիներին մոբիլիզացվել այս ագրեսիայի դեմ, պահանջել Ադրբեջանից դուրս բերել իր զորքերը Հայաստանից և հարգել Լեռնային Ղարաբաղի հայերի արժանապատվությունն ու իրավունքները։ Հայ ժողովրդին հերթական անգամ պետք չէ զոհաբերել ռեալ քաղաքականության զոհասեղանին»։

407