
«ՌԴ-ն մտադիր է Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել հերթական եռակողմ գագաթաժողովն անցկացնել, առաջիկայում նախատեսվում է համաձայնեցնել դրա անցկացման ժամկետները». հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Պուտինը հոկտեմբերի 13-14-ը կայցելի Ղազախստան, որտեղ կմասնակցի Ասիայում փոխգործակցությանը և վստահության միջոցներին նվիրված խորհրդակցությանը, ինչպես նաև ԱՊՀ-ի գագաթաժողովին: Ըստ Ուշակովի՝ Պուտինը բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։
«Մենք կառաջարկենք հերթական գագաթաժողովն անցկացնել եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ, և հուսով ենք, որ ամենամոտ ժամանակներում մեզ կհաջողվի համաձայնեցնել դրա անցկացման ժամկետները»,-լրագրողների հետ զրույցում ասել է Ուշակովը:
ՌԴ նախագահի կայքն էլ տեղեկացնում է, որ Վլադիմիր Պուտինն Աստանայում նախատեսում է հանդիպումներ ունենալ ԱՊՀ գագաթաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ։