
Սերգիև Պոսադ (Մերձմոսկվա) քաղաքի մոտակայքում գտնվող անտառային գոտում հայտնաբերել են մի քանի օր առաջ անհետացած բիզնես դասի տաքսու վարորդի դին։ Հիմնական կասկածյալը քահանայի 19-ամյա որդին է։ Այս մասին հայտնում է 112 տելեգրամյան ալիքը։
2022 թվականի հոկտեմբերի 17-ին բիզնես դասի 31-ամյա տաքսու վարորդ Պյոտր Մարենկովն անհետացել էր։ Առավոտյան նա մեկնել է Maybach մեքենայով ծառայության նշված հասցեով։ Աշխատանքային օրվա ավարտից հետո տղամարդը տուն չի վերադարձել, իսկ հեռախոսը դարձել է անհասանելի։ Այս ամենից հետո տաքսու վարորդի կինը դիմել է ոստիկանություն։
Չորս օր անց Սերգիև Պոսադի այգու հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դի՝ դանակի բազմաթիվ վնասվածքներով։
Նախնական տվյալներով՝ գլխավոր կասկածյալը Մոսկվայի մարզի 19-ամյա բնակիչ Սերգեյ Շելեստն է։ Պարզվել է, որ տղամարդը անհետանալու օրը տաքսի է կանչել։ Կասկածներ կան, որ երիտասարդը զբոսնել է թանկարժեք մեքենայով, ապա սպանել տաքսու վարորդին։ Դրանից հետո նա վաճառել է մեքենան՝ որպես կանխավճար ստանալով 500 հազար ռուբլի, մնացած գումարը պետք է ստանար հոկտեմբերի 24-ին, ինչպես նաև գնորդին փոխանցեր մեքենայի բոլոր փաստաթղթերը։ Երիտասարդը այժմ փնտրվում է։
Կասկածյալի բնակարանը խուզարկվել է․ իրավապահները քրեական գործ են հարուցել սպանության հոդվածով։