2022 թվականի 5-րդ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերի փուլը ավարտվեց սիրողական խճուղավազքով։ 

Հոկտեմբերի 25-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում երկրորդ անգամ է անցկացվում 10 կմ սիրողական խճուղավազքը։ Զուգահեռ նաև դպրոցահասակների 2 կմ վազք անցկացվեց։ 

«Հատկանշական է, որ այս տարի որևէ խնդիր չառաջանալու և բողոքներից խուսափելու համար առանձնացրեցինք գործող մարզիկների խումբը։ Անցյալ տարի գործող մարզիկները մասնակցում էին ընդհանուր խմբում, որովհետև կանոնակարգով արգելված չէր։ Ասված էր, որ պրոֆեսիոնալ աթլետներն իրավունք չունեն մասնակցելու։ Իսկ Հայաստանում 10 կմ վազքի պրոֆեսիոնալ մարզիկ չկա»,- ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։ 

Նա նշեց, որ անցյալ տարվա համեմատ, այս տարի գրանցվողների թիվը ավելացել է։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 1394 մասնակից։ «Սակայն մեկնարկում հնարավոր էր, որ մոտ 150 հոգի չէին մասնակցում, որովհետև հայտնի պատճառներով օրը փոխվեց և քանի որ այսօր աշխատանքային օր է, վազքասերների մի մասը չի կարողացել աշխատանքից դուրս գալ»։

ԿԳՄՍ փոխնախարարն ասաց, որ հետագայում հնարավոր է ծրագրի փոփոխություն։ «Փորձնական վերցրել ենք 3 տարի և եթե տեսնենք, որ աճ կա և իսկապես նպաստում է սպորտի մասայականացմանը, անպայման փորձելու ենք այս ամենը դարձնել նաև միջազգային՝ ներգրավելով նաև հովանավորների։ Մրցանակային հիմնադրամը ավելանալու է»։

 

 

 

1004