Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում, ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և իրացնելու կասկածանքով, Ախուրյան գյուղի Գյումրու խճուղում ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխեցին նույն գյուղի 37-ամյա մի բնակչի և նրա 63-ամյա մորը։

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, ձերբակալված տղամարդու անձնական խուզարկությամբ ոչինչ չհայտնաբերվեց։ Նա հայտնեց, որ հոկտեմբերի 12-ին տելեգրամյան կայքից, առցանց վաճառելու նպատակով, ձեռք է բերել 19 փաթեթ թմրանյութ և 5-ը տեղադրել Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում։

Մտավախություն ունենալով, որ իր մեքենային մոտեցող անձինք ոստիկաններ են, մնացած փաթեթները ավտոմեքենայում փոխանցել էր մորը։ 63-ամյա կնոջ խուզարկությամբ  հայտնաբերվեց 14 փաթեթ՝ «շոկո» թմրամիջոցի նմանվող զանգվածներով։ Մայր ու որդի ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հետագա միջոցառումներով տղամարդու տեղադրած փաթեթները հայտնաբերվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

1710